Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Ստեփանավանում 22-ամյա Հեղինե Գ.-ի կողմից 38-ամյա Ալեքսանդր Կլիմովին սպանելու գործի վերաբերյալ:

Հեղինեն ապրում էր Կլիմովի բնակարանում նրա կնոջ եւ վերջինիս դստեր հետ:Երիտասարդ կնոջ ծնողները ամուսնալուծված են, հայրը մեկնել է Ռուսաստան, ինքը հարս էր գնացել Ապարան, սակայն, իր խոսքով, ամուսինը խմում էր, ծեծում էր, ուրիշ ընտանիք էր կազմել, դրա համար էլ ամուսնալուծվեց: Վերադառնալով հայրական տուն` նրան չընդունեցին: Այդ ընթացքում նա ծանոթացել էր Կլիմովի կնոջ` Սյուզաննայի հետ, մտերմացել էր, եւ վերջինս առաջարկել էր իրենց տանը մնալ: Ապրում էին երեքով, երբեմն Կլիմովը նույնիսկ իր հետ էր կատարում ամուսնական պարտականությունները:

Ոստիկանության տարածած տեսանյութում Հեղինե Գ-ն պատմում է, թե ինչպես եւ ինչու սպանեց տղամարդուն եւ ինչպես տղամարդու խորթ դստեր հետ թաքցրեց դիակը: «Գնաց երեխու սենյակ, որ տեսնի զարթուն է, թե ոչ, եկավ հարձակվեց ինձ վրա, ծեծեց, ապտակներ հասցրեց, իր շորերը հանեց, հետո ծեծելով ինձ տարավ, տեսա, որ շատ է ստիպում, էլ չեմ դիմանում, դանակը վերցրեցի, խփեցի երեք անգամ»,- պատմում է Հեղինեն:

Նա նաեւ շփոթության մեւ հայտարարել է, թե սպանված է նաեւ Կլիմովի կինը` Սյուզաննան, սակայն հետո պարզվել է, որ նման բան չկա, նա պարզապես գնացել էր Դսեղ եւ կթվորուհի էր աշխատում:  Կլիմովի հարեւանները նրան բնութագրում էին` ասելով, որ «Սաշիկը շատ խելոք, համեստ, աշխատող տղա էր, ոչ մի դժգոհություն, մայրը ուսուցչուհի էր»:  Ի դեպ, մի քանի տարի առաջ ԱլեքսանդրԿլիմովին ոստիկանությունը բերման էր ենթարկել, նա կասկածել էր կնոջ հավատարմության մեջ, հանդիպել էր կնոջ իբր սիրեկանին եւ դանակի 20-ից ավելի հարված էչ հասցրել, որոնք մահացու չէին: Բողոքի բացակայության պատճառաբանությամբ քրգործի հարուցումը մերժվել էր:

Նշենք, որ Հեղինե Գ-ն կապի մեջ է եղել Ալեքսանդր Կլիմովի հետ: Քննիչը պատմել էր, որ տղամարդը ցանկացել էր անբնական եղանակով սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ, ծեծի էր ենթարկել նրան, այդ իսկ պատճառով էլ վերջինս դանակով հարվածներ էր հասցրել տղամարդուն: Թե Կլիմովը, թե Հեղինե Գ-ն ամուսնալուծված են, երեխաներ չունեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Ստեփանավանի  բաժնում  հաղորդում է ստացվել, որ մի քանի օր առաջ 1991 թ. ծնված Հեղինե Գ.-ն դանակով հարվածել և սպանել է 1975 թ. ծնված Ալեքսանդր  Կլիմովին:

Ոստիկանության ծառայողները Հեղինե Գ.-ին բերման են ենթարկել բաժին, որտեղ նա հայտարարել է, որ Ա. Կլիմովին սպանել է ինքը:

Սեպտեմբերի 2-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Հեղինե Գ.-ն մոտ 3-4 օր առաջ Ա. Կլիմովին դանակի հարվածներով սպանել է վերջինիս պատկանող, Միլիոնի փողոցի տներից մեկում, և դիակը 1998 թ. ծնված Աննա Լ.-ի հետ տեղափոխել  բակում գտնվող արհեստանոց:

Ալեքսանդր  Կլիմովի դիակը հայտնաբերվել է իր տան բակի արհեստանոցի նկուղում` որովայնի մասում սուր կտրած-ծակած վերքերի հետքերով: Հանցագործության գործիք  դանակն առգրավված է:

Հեղինե Գ.-ն ձերբակալված է:  Աննա Լ.-ն հանձնվել է պապի հսկողությանը: Փաստի առթիվ   հարուցվել է  քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: