Ամուրի Կոմսոմոլսկի Մենդելեեւ ավանում ջուրը խորտակել է ժամանակավոր ամբարտակը եւ լցվել փողոցներ։  Ջրածածկ տների բնակիչներին առաջարկվել է ժամանակավորապես տեղափոխվել դպրոցի շենք։ Տեղում աշխատում են փրկարարները եւ ՌԴ ԱԻՆ-ի հոգեբանները։

Ճշտված տվյալներով՝ ջրհեղեղի գոտում 367 բնակելի տուն կա։ Վթարային-փրկարարական աշխատանքների համար ստեղծվել է 2394 մարդուց եւ 416 միավոր տեխնիկայից բաղկացած աշխատանքային խումբ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։

 «Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ 2013թ. սեպտեմբերի 7-ին, տեղի ժամանակով ժ. 12.00-ին Խաբարովսկի մոտ Ամուրի մակարդակը կազմել է  790 սմ (-7 սմ 24 ժամում), Ամուրի Կոմսոմոլսկում՝ 873 սմ (+13 սմ 24 ժամում)։ Խաբարովսկում երկու օրվա ընթացքում Ամուրի մակարդակի նվազում է սպասվում 5-10 սմ-ով։

Սեպտեմբերի 7-ի տվյալներ. Ջրածածկ են Խաբարովսկի 9 վարչական միավորների 71 բնակավայրեր։ 63 բնակավայրերում ջրածածկ է 2850 բնակելի տուն, որոնցում 22342 մարդ է բնակվում, այդ թվում՝ 3445 երեխաներ։ Այսօրվա դրությամբ 4209 մարդ տարհանվել է, նրանցից  1084-ը՝ երեխա։ Ժամանակավոր կացարաններում է գտնվում 1141 մարդ, այդ թվում՝  370 երեխա, մնացածները տեղավորվել են ծանոթ-բարեկամների տանը։