Երեւանի կենդանաբանական այգու տարածքի մի մասը «օկուպացված» է մարդկանցով, որոնք տարածքն անձնական նպատակների համար են գործածում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Ըստ նրա` առայժմ այդ մարդիկ չեն ցանկանում լքել կենդանաբանական այգու տարածքը, նրանցից ոմանք անգամ տներ են կառուցել եւ տարածքի հետ կապված ինչ-որ փաստաթղթեր ձեւակերպել: «Սակայն, կենդանաբանական այգու հատակագծի համաձայն, այս տարածքները պատկանում են  Երեւանի կենդանաբանական այգուն: Այս պահին, Երեւանի քաղաքապետարանի եւ մի քանի հիմնադրամների, այդ թվում` «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի» ներդրումների շնորհիվ այդ տարածքում նոր ազատավանդակ է կառուցվում», - նշել է Ռուբեն Խաչատրյանը` հավելելով, որ անգամ անհրաժեշտ ռեսուրսների առկայության պարագայում  այլ խնդիրներ են ծագում, ինչպես, օրինակ, տարածքը օկուպացրած մարդկանց «արտաքսումը», որը քաղաքական արձագանք կստանա հայ հանրության շրջանում: 

Ցույց տալով տվյալ տարածքը` Երեւանի կենդանաբանական այգու տնօրենը նշել է, որ այդտեղ կարող է ընտանեկան հանգստի  համար այգի հիմնվել` օազիս Երեւանի ներսում, ինչն այդքան անհրաժեշտ է մեր քաղաքին: Այգու այս հատվածը հարուստ է գեղեցիկ լանդշաֆտներով, քաղաքից դուրս գտնվող վայրի տպավորություն է թողնում: Այս ամենն անշուշտ պետք է ծառայի մեր հասարակությանը, ինչքան էլ որ խոչընդոտներ ստեղծվեն», - ընդգծել է Ռուբեն Խաչատրյանը: