Դինո Գոլդի իրավաբան Սեդրակ Ասատրյանը խոստովանում է, որ ընկերությունը տարիներ շարունակ բռնաբարել է իր աշխատողների իրավունքները՝ առանց էլեկտրաշոկի: Այս մասին նշված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարության մեջ:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Կապանում գործող կանադական «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ: Եղիան մեղադրվում է ընկերության բարի համբավը արատավորելու եւ զրպարտության մեջ: Բանն այն է, որ ակտիվիստը ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ բարձրաձայնել է  Դինո Գոլդում հանքագործների նկատմամբ կատարված ոտնձգությունների եւ էլեկտրաշոկի կիրառման մասին:

Ընկերության թույլ տված բազմաթիվ խախտումներին հայաստանյան մամուլն անդրադարձել է՝ սկսած դեռ 2006 թ.-ից: Դինո Գոլդը ջանք չի խնայել իր բարի համբավը փրկելու համար եւ 2011 թվականին դիմել է աննախադեպ քայլի՝  աշխատանքից հեռացնելով գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտային եւ նրա կնոջը: Օրերս աշխատանքից հեռացված նախկին տնօրենը վերադարձել է Հայաստան եւ հարցազրույց տվել «Առավոտ» օրաթերթին, որտեղ ներկայացրել է իրեն եւ կնոջը աշխատանքից հեռացնելու մանրամասները: Պարզվում է, որ աշխատանքից հեռացման հիմնական պատճառ է հանդիսացել էլեկտրաշոկերի ձեռք բերման պատմությունը:

Ֆալետտաների հարցազրույցից հետո «Դինո Գոլդ» ընկերությունը հրավիրեց մամլո ասուլիս, որի ընթացքում Դինո Գոլդի «բարի» համբավի մասին զարմանալի բացահայտումներ ներկայացրեց ընկերության իրավաբան Սեդրակ Ասատրյանը... մեջբերենք ընկերության իրավաբանի խոսքերը. «Ի՞նչ է կատարվել իրականում... Իրականում 2-3 տարի Կապանի նախկին Դինո Գոլդ քամփնիի ղեկավարությունը, մասնավորապես՝ տնօրեն Ռոբերտ Ֆալետտան եւ Ֆարիդա Ֆալետտան, մեղմ ասած, աշխատողների իրավունքները բռնաբարել են 3 տարի»: Ինչպիսի անկեղծություն... Կապանցիները չեն ցանկանո՞ւմ արձագանքել իրենց բռնաբարված լինելու փաստին... Բնապահպան-ակտիվիստների կողմից «ստրուկ» բառն օգտագործելու դեմ շատ ակտիվ արձագանքներ եղան ժամանակին...

Արդյոք «Դինո Գոլդ» ընկերությունը չի՞ պատրաստվում դատի տալ իր իրավաբան Սեդրակ Ասատրյանին` կեղծ տեղեկություններ տարածելու, ընկերության բարի համբավն արատավորելու համար, ինչպես դա արեց Եղիա Ներսեսյանի դեպքում: Թե՞ սա յուրօրինակ խոստովանության ակտ է:

Դրա հետ մեկտեղ, իրավաբանը ջանք չի խնայում հերքելու էլեկտրաշոկի կիրառման մասին տեղեկությունները, քանի որ դատական գործընթացը մտել է ավարտական փուլ եւ սեպտեմբերի 10-ին ժամը 16:30-ին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պետք է հրապարակի այդ գործով իր ընդունած որոշումը»:

Մանրամասները տեսանյութում: