Անհրաժեշտ է Հրանտ փղի առողջությունը պահպանել՝ լուծելով կոտրված ժանիքների խնդիրը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ հավելելով, որ դա լուրջ բժշկական միջամտություն է, քանի որի փղի երկու ժանիքներն էլ պետք է հեռացնել երկու փուլով, որպեսզի խուսափեն հնարավոր բորբոքումներից:
«Թեեւ այժմ փիղն իրեն լավ է զգում, բորբոքման վտանգը միշտ էլ գոյություն ունի, քանի որ բաց է ժանիքների վրա գտնվող վարակման ուղին: Միայն լիարժեք կազդուրումից հետո կարող ենք մտածել Թբիլիսիի փղի հետ մեր փղի «ամուսնության» մասին»,- նշել է Կենդանաբանական այգու տնօրենը:
Նրա խոսքով փղի ժանիքներից մեկը առկա տվյալներով կոտրվել է Երեւանի կենդանաբանական այգի տեղափոխվելու ժամանակ, իսկ մյուսը կոտրվել է արդեն Երեւանում: «Հսկիչները պատմում են, որ Հրանտը ժանիքը կոտրել է, երբ հարվածել է պատին: Հնարավոր չէ պարզել, ինչն է փղի նման պահվածքի պատճառը, սակայն գաղտնի չէ, որ փղերը ընտանիքին սովոր կենդանիներ են եւ շատ դժվարությամբ են հաղթահարում մենակությունը»,- ընդգծել է Ռուբեն Խաչատրյանը՝ պարզաբանելով, որ հենց դա է պատճառը, որ ձմեռային վանդակն այնպես է կառուցվել, որպեսզի փղի խնամքը առանց նրա հետ շփման լինի՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Անդրադառնալով փղի խնամքի պայմանների բարելավմանը, Կենդանաբանական այգու տնօրենը հավելել է, որ լիովին վերանորոգվել է Հրանտ փղի ձմեռային վանդակը, տեղադրվել են ջեռուցման ու օդափոխման նոր համակարգեր, նոր ամուր դռներ: Ռուբեն Խաչատրյանի խոսքով այդ ամենը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ իրենց գործընկեր «Գրանդ Քենդի» ընկերությունը 30 մլն դրամի չափով ներդրումներ կատարեց:
Նշենք, որ Հրանտ փիղն արդեն 18 տարեկան է: Մեր թղթակիցը անձամբ փղին ձմերուկ եւ խնձոր է հյուրասիրել, որոնք Հրանտն ախորժակով կերել է:











