«Արմենիա» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 4-ին մահացել է հորեղբոր կողմից դանակահարված Վահագն Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Սեպտեմբերի 4-ին «Արմենիա» բ/կ-ից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ձախ ոտքի պատռված, արյունահոսող վերքով իրենց մոտ էր տեղափոխվել Սիլիկյան թաղամասի բնակիչ Վահագն Պետրոսյանը: Մայրը ասել էր, թե նա վնասվածք է ստացել իր անզգուշության հետեւանքով` աստիճանների վրա վայր ընկնելիս: Նույն օրը ուշ երեկոյան «Արմենիա» բ/կ-ից երկրորդ անգամ էին ահազանգել, հայտնելով, որ Վահագն Պետրոսյանը մահացել է: Պարզվել էր, որ նրա ձախ ոտքի հատվածում կա կտրած, ծակած վերք, եւ քանի որ ուշ էին դիմել հիվանդանոց, արյունը որովայնն էր լցվել, եւ բժիշկները տղային չէին կարողացել փրկել: Մայրը չէր ցանկացել, որ տեգրը ոստիկանությունում հայտնվի, փորձել էին իրենց ուժերով վերքը մշակել, բայց տուժողի վիճակը վատացել էր:

«Վահագը եղբոր հետ խմած եկավ եւ սկսեց հայհոյել, Գրիշին խփեց, որ խփեց, Գրիշը ջղայնացավ, ինչ աստիճանի հասցրեց, երկուսն էլ խմած էին, իրար աննորմալ ձեւով տփում էին, վերջը կատաղեց, դանակը վերցրեց ու խփեց»,- պատմում են հարազատները:

Այժմ Գրիգոր Պետրոսյանը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է: