Սեպտեմբերի 10-ին Վերաքննիչ  դատարանը քննեց Տիգրան Առաքելյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը ՝ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելը կարող է խանգարել գործի քննությանը։

Դատական նիստից առաջ Տիգրան Առաքելյանին ազատելու պահանջով ցուցապաստառներով դատարանի առջև հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ։

Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճ մտավ ժպտալով, բարևեց ծանոթներին, հարցրեց նրանց որպիսությունը։ «Արդարությունը սպանում են, դրա հովանավորներն են և դատախազությունը, և դատավորները։ Իսկ Սյունիքի դեպքում նույնիսկ չթողեցին, որ գործը դատարան հասնի։ Մարդասպաններին թողնում են դրսում, իսկ մարդասպանների դեմ ինձ նման պայքարողներին փակում են կալանավայրում»,- ասաց Տիգրան Առաքելյանը։

Դատական նիստի ընթացքում Տիգրանն անընդհատ հունից դուրս էր գալիս, բղավում, որ իրեն դատել են առանց փաստեր ունենալու, կեղծ և հակասական ցուցմունքների հիման վրա։ Դատավորը «կարգի էր հրավիրում» Տիգրանին. «Դատարանում ձեզ պարկեշտ պահեք, կարգավիճակները շատ մի շփոթեք և անտեղի վիրավորանքներ մի շպրտեք աջ ու ձախ։ Ես հասկանում եմ, որ դուք վարժված եք ու սովոր եք միտինգներում ձեզ այդպես պահել...»։

Դատավորի այս դիտարկմանը դահլիճում ներկաներն արձագանքեցին աղմուկով և սուլոցներով։ Դատական նիստի մանրամասները դիտեք տեսանյութում։