Ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված նախաձեռնության անդամ մի խումբ ազատամարտիկներ սեպտեմբերի 10-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքում հանդիպեցին նախարար Արտեմ Ասատրյանի հետ եւ ներկայացրին 13 կետից բաղկացած իրենց պահանջները:

Կամավոր ազատամարտիկները, մասնավորապես, պահանջում են ընդունել կամավորական ազատամարտիկի կարգավիճակը, սահմանել պագևավճար, բուժօգնությունը դարձնել անվճար, կոմունալ վճարումները որոշակի չափով ֆինանսավորել կամ սահմանել զեղչեր, զոհված ազատամարիտիկների և ազատամարտիկների երեխաների համար սահմանել ուսման զեղչեր, կրկնապատկել ազատամարտիկների կենսաթոշակները: Հանդիպման մասնակիցները NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ նախարարի հետ հանդիպմանը ազատամարտիկներ են եկել գրեթե բոլոր մարզերից:

«Պետությունը խնդիր ունի արժեւորելու ազատամարտիկին և ազատամարտը, եթե չենք արժեւորում, կորցնում ենք շատ լուրջ արժեք», - NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի ազատամարտիկ Մնացական Մուրադյանը:

Սոցապնախարարն ազատամարտիկներին տեղեկացրել է, որ կառավարությունը ազատամարտիկների պահանջների հիման վրա առաջարկների փաթեթ կմշակի եւ կուղարկի խորհրդարան։ Ընթացքի մասին ազատամարտիկներին տեղյակ կպահեն, լրացուցիչ կհանդիպեն նրանց հետ։

Վաղը կամավոր ազատամարտիկներին կընդունեն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի անդամները։ «Պահանջելու ենք ստուգել կեղծ ազատամարտիկներին, որոնք մեծ թիվ են կազմում եւ օգտվում են մեր պետությունից։ Ինչ-ինչ հանգամանքներում  հայտնվել են կռված տղայի կարգավիճակում, բայց դրա հետ կապ չունեն»,- նշեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։

Ազատամարտիկներին սոցապ նախարարությունում խոստացել են մինչեւ տարվա վերջ  լուծել իրենց խնդիրները: