«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման նախաձեռնող խումբը սեպտեմեբրի 10-ին Սարյանի փողոցում հրապարակավ փոստատուն հանձնեց հինգ նամակ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին։ Նամակները փոստատան աշխատակցին հանձնեց անձամբ Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը։
«Այս նամակներն ուղարկելուց հետո ոչ ոք չի կարող ասել, որ տեղյակ չեն եղել նման ապօրինությանը։ Բոլոր պատկան մարմինները, որոնք շինարարության ավարտի վերաբերյալ որևէ ակտ կստորագրեն, նույնպես դառնում են մասնակից այս բարբարոսությանը»,- լրագրողներին ասաց Նախախորհրդարանի անդամը։
«Բոլոր պատկան մարմիններն իրենց գործառույթներն ունեին այս հարցում, որ պետք է արած լինեին։ Նրանք պետք է հաշվետվություն տան, թե ինչ են արել մինչեւ այսօր»,- ասաց Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ հիմա իրենք սպասելու են պաշտոնյաների հաշվետվություններին.
Նամակները փոստով ուղարկելուց բացի ակտիվիստները դրանք առձեռն հանձնեցին բոլոր հասցեատերերին։











