Ամուրի Կոմսոմոլսկում ջրի մակարդակը սեպտեմբերի 10-ի երեկոյան հասել է 9 մետրի, հայտնել են Ռոսհիդրոմետի իրավիճակային կենտրոնից: Առավոտյան տեղի ժամանակով ժ. 8-ի սահմաններում այն այդ ցուցանիշը գերազանցել էր 2 սմ-ով:

810 բնակելի տներ, որոնցում  9 419  մարդ է ապրում, ջրածածկ են: Տարհանվել եւ ժամանակավոր կացարան է տեղափոխվել 821 մարդ, հայտնել է քաղաքային իշխանության մամուլի ծառայությունը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Խաբարովսկում ջրի մակարդակը կայուն իջնում է, անցած օրն այն իջել էր 12 սմ-ով, այժմ կազմում է 741 սմ: Ռոսհիդրոմետի տվյալներով՝ Կոմսոմոլսկում ջրհեղեղի պիկը  սեպտեմբերի 13-15-ին է սպասվում:

Հեռավոր Արեւելքում ջրհեղեղների պատճառ են դարձել հորդառատ անձրեւները՝ հանգեցնելով Ամուր գետի վարարման: Ամուրի Կոմսոմոլսկից բացի, վարարման գոտում են հայտնվել Խաբարովսկը եւ խոշոր այլ քաղաքներ, հայտնում է rbc-ն:

Բնական աղետի հասցրած վնասի չափը նախնական գնահատվում է 30 մլրդ ռուբլի: