ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը («Լֆիկ»), լրագրողներից երկար խույս տալով խորհրդարանի միջանցներում, վերջապես, համաձայնեց պատասխանել նրանց հարցերին։

Պարոն Ալեքսանյան, կպատասխանե՞ք մեր հարցերին։

Եթե ուզում եք ձեզ հարցազրույց տամ, եկեք Մալաթիայի հիվանդանոցում հարցազրույց տամ, համ Փակ շուկայից, համ հիվանդանոցից։ Ես այնտեղ եմ հարցազրույց տալիս։

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին ի՞նչ եք մտածում։ Ասում են՝ ուրախացել եք։

Մեր նախագահն ինչ անում է, ճիշտ է անում։ Ես ուրախացել եմ, որովհետեւ մեր երկրի շահերից ա բխում։ Ժամանակը կգա, կասեմ: Ես դեռ չեմ ուսումնասիրել։

Ճի՞շտ է, որ Քարֆուրի ղեկավարը բարկացած է Ձեզ վրա։

Հա, ճիշտ ա, մատ ա թափ տվել իմ վրա։ Դրա համար էլ էս քանի օր ա, տնից դուրս չեմ գալիս։

Բա, ո՞նց եք եկել Ազգային Ժողով։

Դե, մի կերպ եկա։ Տեսա էստեղ չեն, Թիֆլիսում են, ես էլ եկա։

Պարոն Ալեքսանյան, Քարֆուրի առեւտրի կենտրոնը որ բացվի, գնալո՞ւ եք բացմանը։

Շատ լավ էլ անելու է։ «Լենթն» էլ ես եմ կտրելու։

Հնարավոր է՝ համասեփականատե՞ր եք։

Կարող ա, առաջարկ լինի, չեմ հրաժարվի։ Դե որ մեկը բերի նվեր տա, դու կհրաժարվե՞ս։

Փակ շուկայի մոտ մարդիկ եկել էին Ձեզ պաշտպանելու։ Ումի՞ց էին պաշտպանում։

Ձեզնից, ձեզնից, որովհետեւ իմ մասին ինչքան վատ բան կա, գրում եք։ Ես վատ բան չեմ անում, դուք էտ ձեւ եք ներկայացնում։ Կանայք էլ, տղամարդիկ էլ, ջահելներն էլ, ուսանողներն էլ ինձ պաշտպանում են։ Սաղ պաշտպանում են ինձ, վա՞տ ա։ Իսկ ինչի են պաշտպանում, գնացեք իրենց հարցրեք, շուկան ունի տնօրեն Մկրտչյան Վահագ, իրեն հարցրեք՝ երբ ա բացվելու։ Ես չեմ սեփականատերը։ Ես այդ պատմամշակութային արժեքը փրկել եմ զիբիլանոցից, կռիսանոցից։ 

Պարոն Ալեքսանյան, Դուք այդքան բողոքեցիք, որ Ձեր մասին վատ բաներ ենք գրում։ Ինչո՞ւ Ձեր սեփական կայքը չեք բացում։

Ես չեմ ուզում։ Մալաթիա-Սեբաստիա համայնքում դպրոց էին նորոգում, ես 10 մլն դրամի նվեր արեցի, բայց լրագրողներին ասեցի եկեք մի քանի լավ բան ձեզ ցույց տամ, չեկան։ Դրա համար եկեք գնանք, համ լավը ցույց տվեք, համ վատը։

Պարոն Ալեքսանյան, ասեցիք, որ բիզնեսով չեք զբաղվում, մենք Ձեզ հավատում ենք: Այդ դեպքում որտեղի՞ց Ձեզ 10 միլիոն։ Պատգամավորի աշխատավարձը քանի՞ տարի եք հավաքել։

Էտ քեզ վերաբերվո՞ւմ է, որտեղից։ Բայց ես մինչեւ պատգամավոր ըլելը բիզնեսով եմ չէ զբաղվել։ Պահել եմ, կուտակել եմ։

Մի հարց էլ...

Էդքան հարց տվեցիք արա, ի՞նչ եք ուզում ինձանից, արա։ Ուրիշ մարդ չկա՞։