Ոչ Էդուարդ Շարմազանովը, ոչ էլ ՀՀԿ գործադիր մարմինը դատախազություն կամ դատարան չեն, որ Սուրեն Խաչատրյանի որդու գործով գնահատական տան: Այս մասին, այսօր` սեպտեմբերի  12-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանում դեռ նման դեպք չէր եղել, որ գործը դատարան էլ չհասներ:

Նա նաեւ ասաց, որ չի կարծում, թե այդտեղ քաղաքական ենթատեքստ կա: 

Դիտարկմանը, թե հասարակությունը դժգոհ է այդ որոշումից, ՀՀԿ մամուլի քարտուղարն արձագանքեց. «Ես ցանկացած մերժողական եւ նիհիլիստական գնահատականներին դեմ եմ: Ցանկացած ծայրահեղական գնահատականներին դեմ եմ, լինի դա խիստ չափազանցված դրական, թե բացասական: Պետք է կարողանանք զերծ մնալ զգացմունքային հայտարարություններից: Այն, որ կլինեն հասարակության մեջ  այդ որոշումից դժգոհներ, չեմ բացառում, բայց հասարակության անունից խոսելու հավակնություն չունեմ, եւ որեւէ մեկին խորհուրդ չեմ տա խոսել հասարակության անունից: Ես իրավական խնդիրներին գնահատական տալ չեմ կարող, քանի որ, ի տարբերություն որոշ գործիչների, խոսում եմ այն խնդիրներից, որոնցից ունեմ գաղափար եւ լիազորություն»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Հարցին, թե ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին փակի տակ պահելն էլ քաղաքական որոշում չէ՞, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ քաղաքական է: Եթե կա որեւէ կասկած, վկայություն, կարող եք դիմել համապատասխան իրավապահ մարմիններին: Բոլորն էլ ունեն իրավաբաններ: Խնդիրը պետք է լուծվի դատական ատյաններում եւ իրավական ճանապարհով: Ես հեռու եմ այն մտքից, որ մեզ մոտ արդարադատության մեջ խնդիրներ չկան: Իհարկե, կան, բայց մենք պետք է սովորենք, որ յուրաքանչյուր խնդիր պետք է լուծենք այդ ոլորտում»,- առաջարկեց Էդուարդ Շարմազանովը: