Իր պաշտոնավարման վերջին օրը` այսօր` սեպտեմբերի 13-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ վերջին համաձայնագիրը ստորագրելուց հետո Աղվան Հովսեփյանը իջավ Գլխավոր դատախազության շենքից, ձեռքով ցտեսության ասաց դռնապահ ոստիկանին, համբուրեց Դատախազության դուռը, խոնարհվեց եւ դուրս եկավ շենքից:
Շենքի դիմաց Աղվան Հովսեփյանը ձեռքով բարեւեց հավաքված բոլոր պաշտոնյաներին եւ ասաց իր հրաժեշտի խոսքը:
«Դատախազության համակարգում աշխատում եմ շուրջ քառասուն տարի, որից 15 տարի ղեկավարում էի Դատախազության համակարգը, երեք անգամ նշանակվել եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ: Շնորհակալ եմ, որ ինձ բախտ է վիճակվել իմ մասնագիտությամբ զբաղեցնել այդպիսի բարձր պաշտոն եւ ծառայել իմ հայրենիքին, այդ տարիների ընթացքում, վկա է Աստված, արել եմ ամեն ինչ, որպեսզի համակարգը կայանա:
Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին, իմ բոլոր ընկերներին, Կառավարությանը, Ազգային ժողովին, իմ բոլոր գործընկերներին, միջազգային կառույցների ղեկավարներին, արտասահմանի իմ գործընկերներին, իմ ընտանիքի անդամներին, ձեզ` հարգելի լրագրողներին, որ այդ տարիների ընթացքում, իսկ այդ պաշտոնավարությունը եղել է շատ ծանր, դժվար տարիների ժամանակահատվածում, ձեր օգնությամբ ես հնարավորություն եմ ունեցել կատարելու իմ պարտականությունները` որպես գլխավոր դատախազ, ես բոլոր այդ անձանց շնորհակալություն եմ հայտնում»:
Նա նշեց, որ իր պաշտոնավարման տարիների ընթացքում երեք անգամ դատախազությունը հիմնովին ենթարկվել է բարեփոխումների, այսօր դատախազական համակարգը կառուցված է եւ կարգավորվում է օրենքով, որը համահունչ է եվրոպական կառույցների պահանջներին, միջազգային կառույցների պահանջներին, դրան մենք առնվազն հասել ենք, եւ կցանկանայի նորանշանակ դատախազին պահպանել այդ ամեն ինչը, եւ շնորհակալ կլինեմ, եթե զարգացնի մեր բարեփոխումները դատախազական համակարգում»:
Անդրադառնալով իրեն փոխարինող հավանական թեկնածուին` Աղվան Հովսեփյանը նշեց, որ թեկնածու ինքը չի առաջարկում, թեկնածուն առաջադրվում է հանրապետության նախագահի կողմից:
Աղվան Հովսեփյանը նշեց, որ «շարունակելու է հասարակական գործունեությունը ավելի ակտիվ, քանի որ, ցավոք սրտի, մեր հանրության մեջ թույն կաթացնողները շատ են, օր օրի ավելանում է, այն, ինչ ես անում եմ, ուղղակի հակաթույն է մեր հանրությանը թունավորելու համար, ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակությունը առողջ պահեմ»:
Ինչ վերաբերում է իր հետագա պաշտոնավարմանը, ապա Աղվան Հովսեփյանն ասաց. «Միայն կարող եմ ասել, որ մենք դեռ միասին աշխատելու ենք»: Հենց այս խոսքերից հետո նա հանեց պիջակը, դրեց թեւի տակ եւ ծափահարությունների ներքո հեռացավ Դատախազության շենքից` քայլելով Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով եւ գնալով տուն:











