Հանրապետականներից ոչ մեկը չգիտեր՝ ինչ պայմաններ են Սերժ Սարգսյանին առաջարկել Մաքսային Միությունում: Սեպտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ հավաքված ՀԱԿ անդամներին դիմելով՝ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ այս պահը «Հանրապետական կուսակցությունում» չգիտեն՝ ինչ է Մաքսային Միությունը, ինչ է եվրոպական ասոցիացիան:

«Որովհետեւ Սերժ Սարգսյանն անգամ իր թիմի հետ ոչինչ չի խորհրդակցում: Որովհետեւ իր խորհրդակցությունը որեւէ ազդեցություն չի ունենալու այն փաստաթղթերի վրա, որ իրեն ստիպելու են ստորագրել»,- ասաց Արամ Մանուկյանը:

«Տիգրան Սարգսյանը Չինաստանում հանկարծ հայտարարել է, որ հիմա էլ չինական նոր միությանն ա միանում, որի մասին ոչ մեկը ոչ գիտի, ոչ խոսել ա, ոչ պառլամենտում քննարկվել ա, ոչ ծրագիր կա: Այսինքն ով, ինչ, որտեղ առաջարկի, սրանք ասելու են՝ հա… Կապ չունի՝ դա մեր շահերին բռնում ա, մեր ինտեգրացիոն ծրագրերին, ուրիշներին վնաս տալիս ա, թե չէ, կապ չունի»,- հայտարարեց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի միակ նպատակը « մի օրով իշխանությունը ավելացնելն է»:

Արամ Մանուկյանը հույս ունի, որ այս իշխանության վերջը շուտով գալու է: «Այս աշուն քաղաքական պիկ է լինելու, քաղաքական ուժերի զարգացում»,- ասաց նա: