«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնության ակտիվիստները ժամը 17.30-ին ավարտեցին իրենց ակցիան «Ծածկած շուկայի» մոտ և երթով շարժվեցին Մաշտոցի պուրակ՝ նախապես որոշված երթուղիով: Սամվել Ալեքսանյանին սատարող մարդիկ գոռոցներով ճանապարհեցին ակտիվիստներին:
Մինչ այդ NEWS.am-ի թղթակիցն ականատես է եղել՝ ինչպես է Սամվել Ալեքսանյանին սատարող երկու տղամարդ անցել փողոցը ու խառնվել ակտիվիստներին: «Որին նկարեմ, շեֆ»,- ասում էր նրանցից մեկը եւ հեռախոսով լուսանկարում այն մարդկանց, որոնց մատնացույց էր անում «շեֆը», որը, ի դեպ, սև ակնոցով և լայնեզր գլխարկով էր: Քիչ անց նա հեռացավ, հանեց գլխարկն ու ակնոցը, վերադարձավ որպես ակտիվիստ, բողոքի ակցիան խորհրդանշական դեղին գլխարկ խնդրեց, խառնվեց նրանց և սկսեց ակտիվ մասնակցել զրույցին՝ ելույթ ունենալով Սամվել Ալեքսանյանի դեմ: Երբ ակտիվիստները հեռացան, երկու տղամարդիկ վերադարձան «Ծածկած շուկայի» մայթ:
Ակցիան ավարտվեց առանց միջադեպերի:











