Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն այսօր` սեպտեմբերի 14-ին, քվեարկել է «հանուն փաստաբանության ապագա զարգացման»: Այս մասին քվեարկությանը մասնակցելուց հետո ասաց փաստաբանը (ֆոտոռեպորտաժ):
Նա նշեց, որ ով էլ ընտրվի, նրան կշնորհավորի, մյուսներին կմաղթի մյուս ընտրություններին դնել թեկնածությունը եւ հաղթել, իսկ ինքն այսուհետ եւս կշարունակի իր ակտիվ փաստաբանական գործունեությունը: «Ես արդյունքները գիտեմ, կանխատեսմամբ, մեզ մոտ հնարավոր չէ կատարել կեղծիք, ուղղակի անհնար է: Կարող են բողոքներ լինել, ախր ի՞նչը բողոքարկեն, քննության արդյո՞ւնքը, նախընտրական քարոզչությունը չեն կարող բողոքարկել, չկա այդպիսի հիմք, տեսախցիկը տեղադրված է, այստեղ ամեն ինչ ձայնագրվելու է»,- ասաց Ռուբեն Սահակյանը:
Թեեւ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 3-ին, բայց փաստաբանն արդեն սկսել է հավաքել իր իրերը` աշխատասենյակը փաստաբանների պալատի նորընտիր նախագահին հանձնելու համար:
«Ես ութ տարի պաշտոնավարել եմ, վաղուց իմացել եմ, որ այս օրը գալու է, նախապատրասվել եմ այս օրվան, ստեղծել ենք հանձնաժողով, քարոզարշավ, նախանշել ենք օրենսգրքում նմա ընտրությունների կարգ, բնական է, որ որեւէ խնդիր չունեն, տխուր չեմ, ընդհակառակը` ուրախ եմ, գիտակցում եմ, որ նոր ուժ է գալու, ես հաստատ գիտեմ, որ ես ունեմ բազմաթիվ թերություններ, դրանք կփոխանցեմ նորընտիր նախագահին, որպեսզի ինքը շտկի, ինձնից լավ ոչ ոք չգիտի իմ թերությունները, համոզված եմ, որ ավելի լավ նախագահ է ընտրվելու, ես արդեն հոգնել եմ»,- ասաց Ռուբեն Սահակյանը:
Իսկ թե ինչպես կհեռանա Ռուբեն Սահակյանը, արդյոք նա եւս Հայաստանի արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նման կհամբուրի դուռը, կխաչակնքվի եւ կգնա, նա խաչակնքվեց եւ ասաց. «Ես աղոթում եմ այն թեկնածուի օգտին, որը կընտրվի, դուռը չեմ համբուրելու, որովհետեւ սա սրբավայր չէ, ամեն մարդ յուրովի է մոտենում իր հեռանալուն»:
Այսօր Ռուբեն Սահակյանը Փաստաբանների պալատում չի գտնվի` ավելորդ խոսակցություններից խուսափելու համար, քանի որ քվեարկելուց հետո երբեմն փաստաբանները գալիս են իր մոտ, եւ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինքը հորդորում է ընտրողներին: Փաստաբանների պալատում էին նրա 6 թոռնիկներից երկուսը: Ռուբեն Սահակյանը աշխատասենյակի իրերը հավաքելուց հետո թոռնիկների հետ գնաց զբոսանքի, սրճարան, ինչպես նաեւ խոստացել էր նրանց մուլտֆիլմերի մեքենաներ գնալ: Հարցին, թե հնարավոր է մի օր նրա թոռնիկները որոշեն իրենց թեկնածությունը դնեն Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին, նա պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ոչ նաեւ հանրապետության նախագահի ընտրություններին»:
Մանրամասները` տեսանյութում:











