Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, վաղ առավոտյան, քվեարկությանը մասնակցեցին առաջադրված թեկնածուներից երկուսը՝ փաստաբաններ Կրոմվել Գրիգորյանը եւ Տիգրան Աթանեսյանը։
Տիգրան Աթանեսյանն ասաց, որ քվեարկել է հանուն նոր գաղափարների, նոր պալատի, նա ընտրվելու իր շանսերը լավ է գնահատում։ Իսկ թե որտեղ կնշի Տիգրան Աթանեսյանը իր հաղթանակը՝ «Օջախ», «Ֆլորենցիա», թե մեկ այլ ռեստորան, նա նշեց, որ դա թողնի ընկերների հայեցողությանը։ Փաստաբանների պալատի նախագահ ընտրվելու դեպքում նոր աշխատասենյակ մտնելիս փաստաբանը չի պատրաստվում համբուրել դուռը։ «Ես միայն եկեղեցու դուռն եմ համբուրում, այսինքն՝ այստեղ աշխատելու տեղ է, ոչ թե համբուրելու»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե դուք Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները համեմատել էիք համապետական ընտրությունների հետ, նա նկատեց. «Հուսով եմ, որ վերջում Ազատության հրապարակ չեմ գնա»։ Չընտրվելու դեպքում Տիգրան Աթանեսյանը առաջինը կլինի, ով կշնորհավորի հաղթող թեկնածուին։
Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն՝ Կրոմվել Գրիգորյանն էլ ասաց, որ առայժմ որեւէ խնդիր չի տեսել, ընտրությունները նորմալ են ընթանում, իսկ ակնկալիքների մասին չցանկացավ որեւէ բան ասել՝ նշելով, որ արդյունքներից կերեւան։
Ընտրվելու դեպքում նա եւս չի համբուրի Փաստաբանների պալատի նախագահի աշխատասենյակի դուռը։ «Դատախազությանն է հարիր դուռը համբուրելը, ոչ փաստաբաններին: Տենդենցն իրենց համակարգում է, ոչ թե՝ մեր»,- նշեց նա։ Թեկնածուն իր հաղթանակը կնշի այնտեղ, «որտեղ որ հրավիրեն»։
Նշենք, որ Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ՝ Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանն ու Աշոտ Թադեւոսյանը: Քվեարկողների թիվը 1370 է, օրվա ընթացքում պարբերաբար կհաշվառեն մասնակիցների թիվը, արդյունքները հայտնի կդառնան այսօր 00.00-ից հետո: Գրանցվել է 7 դիտորդ՝ 5 կազմակերպությունից, քվեարկությանը հետեւում են նաեւ թեկնածուների վստահված անձինք:











