Ես ՀԱԿ դաշինքի ցուցակով եմ պատգամավոր ընտրվել եւ այդ ցուցակում հյուր չեմ եղել, ոչ էլ՝ տնվոր. ես եղել եմ այդ ցուցակի շահառուներից մեկը, շարժման ոչ անկարեւոր ներկայացուցիչներից մեկը. Այլ բան է ՀԱԿ կուսակցությունը: Այս մասին «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ չի՞ լինի վայր դնի մանդատը, որն ստացել է որպես ՀԱԿ-ի անդամ:

Հիշեցմանը, որ ինքը այն մարդկանց հետ չէ, որոնց գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Ես էլ կարող եմ հակառակն ասել. այն մարդիկ ինձ հետ չեն, որոնց հետ եղել եմ Ազատության հրապարակում եւ այն խնդիրների շրջանակներում, որոնք ես հետապնդել եմ եւ շարունակում են հետապնդել: Ես 2008-ի Ազատության հրապարակի նկատմամբ ունեմ կոնկրետ պարտավորություններ, դրանք սուվերեն պարտավորություններ են, որոնք իմ անձնական պարտավորություններն են եւ ես շարունակում եմ մնալ այդ պարտավորությունների շրջանակներում»:

Հարցին, թե ինչ հարաբերություններ ունեք ՀԱԿ-ում գտնվողների հետ, որոնք կասկածանքով են վերաբերել իր գործունեությանը եւ նշում են, որ դուք ընդդիմություն եք խաղում, Փաշինյանն արձագանքել է. «Եթե սկսենք հաշվել, թե ով ում գործունեությանը որքան կասկածանքով է վերաբերվում հանրության շրջանում, բոլորովին այլ պատկեր կստանաք: Ընդ որում, ես ոչ միայն կասկածանքով եմ վերաբերել, այլ ինչ մեղադրանք ունեցել եմ, հրապարակավ հնչեցրել եմ եւ դրանք հիմնավորել եմ: Ես դա արել եմ ի պատասխան այն մեղադրանքների եւ, այսպես ասած, կասկածների, որ հնչել են ուղղակի կամ անուղղակի»:

Անդրադառնալով հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ վերջին անգամ երբ է հանդիպել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես դեռեւս հուլիսի իմ հոդվածում գրել եմ, որ շուրջ մեկ տարի նրա հետ հանդիպում չեմ ունեցել: Այսօր դրան կարելի է ավելացնել եւս երեք ամիս»: