Իրենք նշանակել են Վահան Հովհաննիսյանին՝  շատ լավ իմանալով, որ նա իր տեսակետներն ունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակելուն։

«Մենք մեր տեսակետները չենք փոխելու, չենք կաշկանդվելու, այդ նշանակումը բացարձակապես չի կաշկանդելու ՀՅԴ-ին իր քաղաքականության մեջ»,- նշեց նա։

Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե ԱԳՆ-ն գտնի, որ Վահան Հովհաննիսյանի մոտեցումները անհամատեղի են իրենց կարծիքների հետ, վստահ է, որ Վահան Հովհաննիսյանը կպնդի իր տեսակետները։ Թե ինչն է խանգարում ՀՅԴ-ին մտնել կոալիցիա, Արմեն Ռուստամյանն ասաց՝ «յոթ կետերի ամբողջական ընկալումը» (նկատի ունի ՀՅԴ-ի «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրի կետերը, որոնք ներկայացնում են արտագաղթը ծնող պատճառները)։

Նա նշեց, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում բոլորովին նոր վիճակ է առաջացել, արտաքին քաղաքական վեկտորը փոխվել է, այժմ մենք գնում ենք դեպի Եվրասիական միությունը, որը աշխարհաքաղաքական բեւեւռ է ձեւավորում, որի առանցքում Ռուսաստանը եւ Չինաստանն են։  Նա նաեւ նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը ձեռնտու չէ Ռուսաստանին, եթե դրանք զարգանան, Ռուսաստանը այստեղ անելիք չունի։

Նա նաեւ նկատեց, որ արտգործնախարարի եւ ՀՀ նախագահի հայտարարությունները իրար չեն բռնում, ԱԳ նախարարը խոսում է Եվրասիական միության մասին՝  Մաքսային միությունը թողնելով ետեւում, նախագահն էլ ասել է, որ մտնում ենք Մաքսային միություն, պատրաստ ենք Եվրասիական միություն մտնելու։ «Այսօր իսկապես Հայաստանը այլընտրանք չուներ, պիտի ամրապնդենք այն, ինչ ունենք, քանի որ ունենք էներգետիկ եւ ռազմական անվտանգության խնդիր»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am