Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր միջադեպ է գրանցվել մեկ տարի առաջ Լոռու «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով դատական նիստում:

Ինչպես հայտնում է Լոռիում NEWS.am-ի թղթակիցը, ժամը 11:30-ին սկսված դատական նիստին ներկա են եղել սպանության համար մեղադրվող Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը։ Մյուս մեղադրյալը՝ Արտակ Վերանյանը, նիստին ներկա չէր, ինչի պատճառով էլ նախագահող դատավորը նիստը հետաձգել է մինչեւ հոկտեմբերի 4-ը։

Դատարանի դահլիճում սպանվածի քույրը՝ Հասմիկ Շարբաթյանը, ափերից դուրս է եկել, հարձակվել մեղադրյալների վրա, սպառնացել, որ ինքնադատաստան է տեսնելու եղբորը սպանողների հետ։

«Մատաղ եմ անելու ախպորս գերեզմանին։  Աչքերը հանելու եմ, թիքա-թիքա անեմ։ Դուք տեսել եք եղբո՞րս նկարը։ Երեքով հարձակվել են, հոշոտել»,- ասել է նա։

Դատական կարգադրիչները Հասմիկ Շարբաթյանին դատարանի դահլիճից դուրս են բերել։

Տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի