Արմավիր մարզում սկսվել է վարունգի բերքահավաքը, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, արդյունքը սպասվածից վատ է. բերքը քիչ է, քանի որ միջատները վնասել են վարունգի թփերը: Այս տարի անհամեմատ շատ է ճերմակաթիթեռների և տիզերի թիվը, որոնք հիմնականում ձու են դնում թփերի վրա: Դրանց դեմ պայքարել գյուղացիներին չի հաջողվում թունաքիմիկատների թանկ և անորակ լինելու պատճառով. «38 հազար դրամ արժե դեղը, գյուղացուն էլ ո՞րտեղից էդքան փող: Գնում առնում էս էլ, բուժումը օգուտ չի տալի, որովհետև ժամկետն անց դեղեր են ծախում գյուղացուն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հողագործ Ռադիկ Կիրակոսյանը: Գյուղի վարունգի արտերում տարածված հիվանդությունը վնասել է բերքի 50%-ը:

Գյուղատնտեսական վարկերից օգտված հողագործները ստիպված ոսկի կամ տուն են գրավ դնում դրանք ժամանակին մարելու համար, այլապես կկանգնեն ունեցվածքը կորցնելու վտանգի առջև: Կես հեկտար հողատարածքից բերքը 8-10 անգամ են հավաքում, ամեն անգամ մոտ 70 հազար եկամուտ ստանում, որից բերքի վրա արած ծախսերը հանելու դեպքում իրենց շատ փոքր գումար է մնում: Գյուղին գրագետ գյուղատնտեսներ են պետք, էժան տեխնիկա և զեղչով թունաքիմիկատներ:

«Մինչև հիմա սովետի թվի կաստյում-շալվարն ա հագս»,- դժգոհում է Ռադիկ Կիրակոսյանը:

Տեսանյութը՝ Գայանե Ալեքսանյանի