Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու 110 քաղաքական գործիչների եւ արվեստագետների միջնորդությունը մերժելու Վերաքննիչ դատարանի որոշումը այսօր, սեպտեմբերի 18-ին, վրդովմունքի ալիք է բարձրացրել դատարանի դահլիճում։

Ներկաներն իրենց դժգոհությունը հայտնել են «ամոթ, հանցագործներ, գետինը» վանկարկումներով, որոնք ուղղված էին դատավոր Եվա Դարբինյանին եւ մեղադրող դատախազին։

«Պայքար, պայքար մինչեւ վերջ»,- դահլիճից դուրս գալուց առաջ բացականչել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը։

Հիւշեցնենք, որ ավելի քան երկու տարի կալանավայրում գտնվող ՀԱԿ ակտիվիստին ազատելու միջնորդությունը ստորագրել էին Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը, պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովում Հայաստանի նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, դերասան Հովհաննես Ազոյանը և այլք։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am