Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ անփոփոխ թողնել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը ակտիվիստի պաշտպան Մուշեղ Շուշանյանը գնահատում է որպես «ապտակ Հայաստանի Հանրապետությանը, հանրությանը, քաղաքացիական հասարակությանը եւ շատ ցինիկ քայլ»։
«Գոնե իմ համար դատարանի նման որոշումը կանխատեսելի էր, ցավոք սրտի իրավական պետության մեջ չենք ապրում: ՀՀ-ում անկախ դատարան գոյություն չունի, և որոշումը կայացվել է այլ վայրում»,- լրագրողներին ասաց Շուշանյանը:
Նա ընդգծեց, որ արդեն երեք անգամ իրենք կալանքը փոխելու միջնորդություն են ներկայացրել, սակայն այս միջնորդության առանձնահատկությունն այն էր, որ 100-ից ավելի հայտնի, հանրության հարգանքը վայելող անձինք ստանձնել էին Տիգրան Առաքելյանի դատավարական պատշաճ վարքագծի երաշխավորությունը և նաև պարտավորվել էին յուրաքանչյուրը 500 հազար դրամի չափով գումար վճարել:
Դատապաշտպանը ասաց, որ պրոցեսը շարունակվելու է։ Հաջորդը դատական վիճաբանությունների փուլն է, որին կպատրաստվեն հետազոտված ապացույցները վերլուծելու ուղղությամբ:











