Սեպտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին Մաշտոցի պուրակում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը քաղաքացիական նախաձեռնություններին ու մտահոգ քաղաքացիներին խորհրդակցության էր հրավիրել՝ կոչ անելով համախմբվել եւ միասնաբար ավելի արդյունավետ լուծումներ գտնել «Ծածկած շուկայի» ու երկրում առկա այլ խնդիրների համար։

Միջոցառումը սկսվել է նախատեսվածից մեկ ժամ ուշ՝ 20:00-ին: Հավաքին միացել էր մոտ 50 քաղաքացի։

 «Նախախորհրադարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նշել է, որ այսօր խնդիրերը շատ են, եւ իրենց պայքարը միայն «Ծածկած շուկան» քանդողների» դեմ չէ. «Այն, ինչ պահանջում է ժողովուրդը, այն ինչին չհասնելով, ժողովուրդը հեռանում է երկրից, դա մեկ խնդիր է, այսինքն հիմնախնդիր է, դա անօրինականությունն է»:

Խզմալյանի խոսքով՝ երկրում վտանգավոր իրավիճակ է, գլուխ է բարձրացրել ֆաշիզմը.  «ֆաշիզմը սկսվում է հենց այսպես, երբ քաղաքացիական ակտիվիստների նկարների տակ գրում են օտարերկրյա լրտես, գրանտակեր եսիմինչեր»: Սամվել Ալեքսանյանին ու նրա գործընկերներին նա անվանեց «հայրենասեր, լավ տղերք». «Մենք իրենց երկար ժամանակ չէինք նկատում, որովհետեւ ապրում էին պպզած, հիմա վեր են կացել եւ ներխուժել են արդեն երկրի օրեսդրական իշխանության մեջ, հանձինս նոյւն Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի եւ իր գործընկերների»:

Ակտիվիստերից Լուսինե Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հույս հայտնեց, որ Փակ Շուկան, հնարավոր է, «Երեւան Սիթի» չդառնա. հավատում է, որ Սամվել Ալեքսանյանը կփոխվի . «Մի անգամ նրան եկեղեցում տեսել եմ, ուրեմն աստվածավախ մարդ ա, հաստատ սպիտակ ուժերը նրան կուղորդեն, ես համենայն դեպս աղոթում եմ նրա համար»,- ասել է նա։