Armenia today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 19-ին Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք է տվել եւ ներկայացրել եղելությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հարցաքննությունից հետո ասաց Արգիշտի Կիվիրյանը եւ ավելացրեց, որ իր դեմ բռնություն կատարելու փաստով դեռ քրեական գործ չի հարուցվել:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայացվել է իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականցված դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որը չի արտացոլում իրականությունը: «Փորձաքննության արդյունքերով շատ չնչին բռնության հետքեր են հայտնաբերվել: Սակայն ես շարունակելու եմ պայքարը իմ իրավունքների վերականգման համար»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Իսկ նրա փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու որոշումը, քանի որ ուշ էին կայացրել, ապա մարմնական վնասվածքների մի մասը արդեն առկա չէին: Բայց անգամ այդ պարագայում բազմաթիվ մարմնական վնասվածքներ են ֆիքսվել: «Արգիշտի Կիվիրյանը նաեւ գլխուղեղի ցնցում էր ստացել, որը հիվանդանոցում չէր ֆիքսվել»,- ավելացրեց փաստաբանը: Ի դեպ, Լուսինե Սահակյանը նշեց, որ հերթական անգամ փաստաբաններին թուլ չեն տվել մասնակցել իրենց պաշտպանյալի ցուցմունք տալուն: «Ավելին` ցուցմունք տալը, քանի որ անհրաժեշտություն է եւ, որը հետաձգվում էր փաստաբաններին ներս չթողելու պատճառով այսօր ներկայացրել էինք, ոչ թե 150, այլ մոտավորապես 15 փաստաբանով: Սակայն, այս անգամ էլ միայն մեկ փաստաբանի առկայություն թույլ տվեցին ու, որոշեցինք, որ ես ներկա լինեմ: Եվ, քանի որ իմ պաշտպանյալը ցանկանում էր ցուցմունք տալ, այս ապօրինությունները անտեսելով, մանրամասն ցուցմունք տվեց»:
Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել: Ոստիկանությունը իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Արգիշտի Կիվիրյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը եւ բոլոր նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն, քննությունը կատարվում է այնտեղ։ Նրա շահերը ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել ավելի քան 150 փաստաբան։ Արգիշտի Կիվիրյանի փաստաբանները նաեւ բացարկ էին հայտնել գործով քննիչին եւ գրավոր ցուցմունքը փոստով ուղարկել ՀՔԾ։ Սակայն նախաքննական մարմինը հետ էր ուղարկել Կիվիրյանի գրավոր ցուցմունքը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











