ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական եւ կազմակերպչական հարցեր, քանի որ առաջիկայում նոր ընտրություններ են սպասվում: Այս մասին, այսօր` սեպտեմբերի 19-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը գտնվում էր Գերմանիայում):
Գալուստ Սահակյանը նշեց, որ նոյեմբերին բավականին շատ համայնքներում ընտրություններ են լինելու եւ իրենք ծանոթացել են իրավիճակին: Նա հավաստիացրեց, որ Վերահսկիչ պալատի նախագահի հարցը չի քննարկվել:
Սահակյանի խոսքով՝ թեեւ գլխավոր դատախազի հարցն այս շաբաթ չի քննարկվել, բայց մյուս շաբաթ նրա անունը հայտնի կլինի: Նա, սակայն, անուններ չնշեց, ասելով. «Ինչ-որ մեկը կլինի»:
Անդրադառնալով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի սրտառուչ հրաժեշտի արարողությանը, երբ նա համբուրել էր դատախազության դուռը, Գալուստ Սահակյանն ասաց, որ դրան բերեկիրթ է մոտենում: Հարցին, թե ինքը նման բան կանե՞ր, նա պատասխանեց. «Յուրաքանչյուրս մեր տեսակի մեջ գործողություններ ունենք, ինչը մեզ համար հուզական է, նա էլ կանեինք»: Սահամյանը նշեց, որ այդտեղ հուզվելու խնդիր չկա, այլ յուրաքանչյուրը պետք է կարողանա պետության նկատմամբ իր զգացողությունները ինչ-որ ձեւով արտահայտել:











