Սեպտեմբերի 19-ին ազատամարտիկները հերթական հանրահավաքն էին անցկացնում «իրենց ընկերների արյամբ գնված ազատության անունը կրող, հրապարակում»: Նրանք  հավաքվել էին՝ քննարկելու վերջին շաբաթվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները, երկրում կատարված իրադարձությունները:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ներկաններին տեղեկացրեց, որ իրենց պայքարին է միացել Ժառանգությունե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ներկանները լուրն ընդունեցին ծափերով:

Սուրեն Սարգսյանը նաեւ անդրադարձավ «Օրինաց երկիր»  կուսակցությանը՝ այն անվանելով  «հորինված երկիր». «ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը պնդում է, թե ազատամարտիկները երկու խմբի են բաժանվել: Այդ ձեր կուսակցությունն է պառակտվել, բաժանվել երկու մասի՝ մի մասը լեսբուհիներին է պաշտպանում, մյուս մասը՝ հոմոսեքսուալներին»:

Ազատամարտիկների խոսքով՝ այսօր երկիրը անդունդի եզրին է, եւ միայն միասնական ուժը կօգնի հաղթել: Նրանք  հավատում են, որ միասին հնարավոր է հասնել  իշխանափոխության:

Հանդիպման ավարտին խոսեց ազտամարտիկ Էդվարդ Ներսիսյանը:  Նա հավաստիացնում էր,  որ իրենք չեն հրաժարվի հայկական ոգուց, եւ որ պայքարելու են մինչեւ վերջ. «Մենք անպայման պիտի ազատագրենք Հայաստանը խաժամուժից,  եկեք սրանց վերջը տանք, սրանք նույն խուժանն էն, ինչ որ թուրքի խուժանը»: