Այսօր՝սեպտեմբերի 20-ին, Վանաձորում տեղի ունեցած դժբախտ պատահարից տուժածը չի մահացել։ Լոռիում NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել է, որ բնակիչներից ստացած ահազանգը, թե տուժածը մահացել է, չի համապատասխանում իրականությանը։ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Նորայր Պետրոսյանն այժմ հիվանդանոցում է, նրա վիճակը ծանր է։

Դեպքի վայրում մեր թղթակցին պատմել են, որ Նորայրը աշխատանքներ է կատարել մեքենայի տակ, երբ մեքենան ընկել է նրա վրա: Նորայրի ոտքը ազդրից ներքեւ մնացել է մեքենայի տակ։ Նա արգելափակվել է բեռնատարի թափքի եւ բեռնախցիկի միջնամասում։ Կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած փրկարարները մեքենայի տակից դուրս են բերել քաղաքացուն, տեղափոխել անվտանգ տարածք, ապա շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Դեպքի վայրում աշխատել են Լոռու փրկարարները, ինչպես նաև քննչական և իրավապահ խմբերը՝ Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am