Սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության կայացրած որոշումը՝ Երեւանի Կոնդ թաղամասում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում գտնվող Կոզեռն փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քառ. մետր մակերեսով տարածքը նվիրաբերել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի «Երևան իմ սեր» հիմնադրամին, դժգոհություն է առաջացրել Կոնդի այն բնակիչների շրջանում, որոնց տները հինգ տարի առաջ քանդել են՝ խոստումով, որ «Դաուն Թաուն» ժընկերությունը նույն վայրում նրանց համար նոր շենք կկառուցի:
News.am-ի թղթակցի հետ զրույցում Կոնդ թաղամասի բնակիչ Գարեգին Սաֆարյանը ասաց, որ իրենք թույլ չեն տա, որ Կոզեռն փողոցում շինարարություն սկսվի, քանի դեռ հարեւանությամբ գտնվող իրենց շենքի կառուցումը չի վերսկսվել. «Բնակիչներով սաղ ստեղ կկանգնենք, չենք թողնի՝ կռանը մի քայլ առաջ տանեն: Մեր տները թող սարքեն, համատեղ թող նա էլ սարքեն, դրան դեմ չենք»:
Գարեգինը հավատացրեց, որ ինքը շարունակելու է պայքարել եւ ինչ էլ պատահի չի լքելու հայրենիքը, եւ ապրելու է Կոնդում. «Բուտկա եմ բերել էս տարածքի կողքը դրել, գալու ենք ընտանիքով ստեղ ապրենք, ինչ էլ լինի, չեմ գնա»:
Կոնդի բնակչի կարծիքով՝ իշխանությունները, որոնք թույլ են տվել, որ այսօր 215 ընտանիք մնա անօթեւան, պետք է հեռանան. «Մեր գյոզալական տները քանդեցին, կառավարությունը խաբեց, վարչապետը խաբեց, Սերժ Սարգսյանն էլ այսօր խաբում ա, եթե չեն կարողանում ղեկավարեն երկիրը, թող հեռանան, թող ուրիշ մարդ գա նստի, ժողովրդի մասին հոգ տանի»:











