«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը պատրաստվում է առաջիկա ամիսներին օրինագիծ մշակել եւ ներկայացնել ԱԺ, որով կպաշտպանվեն 26 տարեկանից հետո սեռական հարաբերություններ ունեցած հայ աղջիկները, իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն նրանց բացասական բան ասել, կենթարկվեն խոշոր տուգանքների։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր ղեկավար Անի Զախարյանը։
Անի Զախարյանը իրեն ֆեմինիստ չի համարում, շատ է կարեւորում իսկական, հայ տղամարդուն, ում կցանկանար տեսնել որպես առաջամարտիկ: Բայց նա շեշտում է, որ տղամարդու եւ կնոջ մեջ պետք է լինի իրավահավասարություն, այն պետք է սկսվի սեռական իրավահավասարությունից։ «Երբ կինը եւ տղամարդը առողջ սեռական կյանքով են ապրում, եւ օրգանիզմն է թարմանում, եւ օրգանիզմն է նորացվում, եւ մարդկանց դեմքերին ժպիտ է գալիս, դա օրգանիզմի գեներացիայի սկիզբն է։ Եթե մարդը չունի սեռական պահանջ, ուրեմն իր օրգանիզմում ինչ-ոչ բան այն չէ, եթե կա, այդ պահանջը պետք է բավարարել»,- ասաց կուսակցության երիտասարդ ղեկավարը՝ ընդգծելով, որ ինքը չի պրոպագանդում պատահական սեռական հարաբերությունները։
Կուսությունից զրկվելու մասին իր հայտարարությունից հետո ուսանողուհիները Անիին ոգեւորությամբ են ընդունել, իսկ քննադատողներից նա չի վախենում։ «Եթե ուզում ես, արա, ով որ անում է, մի մեղադրի»,- սա է կուսակցության ղեկավարի դիրքորոշումը ազատ սեռական հարաբերությունների մասին։
Մեկնաբանելով տեղեկությունները, թե կուսությունից զրկվելու քարոզ անող Անի Զախարյանը մշտապես խնդիրներ է ունեցել տղաների հետ, նա նշեց, որ տասնյակներով եւ անգամ իրենից 12 տարի փոքր երկրպագուներ է ունեցել, բայց չի ցանկացել ամուսնանալ։ Ավելին՝ ինչ իր դասընկերուհինը դեռեւս 6-րդ դասարանից ընկեր ունեին, ինքը «մի անմեղ աղջնակ էր», ով գնում էր դպրոցից տուն եւ հակառակը, եւ միայն մտածում համալսարան ընդունվելու մասին։
Անի Զախարյանը ծնվել է Գյումրիում, ավարտել է Գյումրիի վարժարանը, ընդունվել է Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, 26 տարեկանում պաշտպանել է ատենախոսությունը, կենսաբանական գիտությունների թեկնածու է: Ընդունվել է նաեւ Թատերական ինստիտուտ, հորեղբայրը Հայաստանի վաստակավոր դերասան է, ժամանակին «Քաոսում» Սմբատ է խաղացել: Թատերական կրթությունը քաղաքական մեջ եւս պիտանի է, «շատ հաճախ սիրում եմ քաղաքական խաղեր տալ, դա ինձ հաճույք է պատճառում, դրան էլ եմ ընդունակ»։
Անին ամուսնացած չէ, ունի ընկեր, սիրում է եւ սիրված է։ Մտածում է մայրանալու մասին, ցանկանում է որդի ունենալ եւ նրան մեծացնել Ալեքսանդր Մակեդոնացու ոգով, անունն էլ դնել Ալեքսանդր՝ իր հոր անվամբ։
«Թող լինի շոկ, ես էլ էսպիսի շոկեր առաջնացնող անձնավորություն եմ, եւ ապագայում լիքը շոկեր եմ առաջացնելու»,- խոստանում է նորաստեղծ կուսակցության երիտասարդ ղեկավարը:
26-ից հետո կուսությունից զրկվելու անհրաժեշտության, քաղաքական խաղերի սիրահար լինելու եւ ապագայում հայ հանրությանը նորանոր շոկեր մատուցելու մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։











