Ես չեմ ցանկանում, որ մեր քաղաքական գործիչները հասցնեն նրան, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի ճորտը։ Այս մասին այսօր՝  24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասան Վարդան Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը հնարավոր անդամակցմանը։

«Ես ողբում եմ Մաքսային միության համար, խեղճ Ռուսաստան, Ռուսաստանն արդեն մեղք է, խեղճ  Ղազախստան, քաշվեց այդ ժողովուրդը, ցնծա Մաքսային աշխարհ, Հայաստանը մտավ: Կատակ եմ անում, դա զվարճացնում է մարդկանց»,- Մաքսային միության վերաբերյալ հարցին սկզբից այսպես կատակով պատասխանեց դերասանը։

Նա նշեց, որ աշխարհում միտում է նկատվում մեծ միավորներ ստեղծելու, որոնք կային համաշխարհային պատերազմներից առաջ, որոնք, սակայն, կոտորակվեցին։ Նա նաեւ ասաց, որ այս ամենը իրեն հիշեցնում է դարասկիզբը, երբ բոլորը կողմնորոշվում էին՝ Ռուսաստան, թե Եվրոպա, եւ պատմությունը ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ երկուսն էլ խաղացնում էին մեզ, իսկ «մենք, լինելով պատմությանը ծանոթ, սկսում ենք քաղաքական խաղեր տալ, ինչպես ղարաբաղյան շարժման առաջին օրերին, երբ գոռում էինք՝ «Լենին, Պարտիա, Գորբաչով» ու իրար աչքով էինք անում, իբր թե մենք ջոկել ենք, թե ինչ է կատարվում, մենք խաղ ենք խաղում, իրականում անկախության ենք գնում՝ առանց իմանալու, որ էս խաղ խաղացողները մեզ հետ են խաղալու»։

Վարդան Պետրոսյանը շեշտեց, որ Եվրոպայի, Ռուաստանի հետ այսպիսի քաղաքական խաղեր չեն խաղում. «Շատ զգույշ պետք է լինել, մարդն ինքն իրենով պետք է կողմնորոշվի, իր պատմությամբ, իր էությամբ, իր արմատներով, եթե արմատներին պինդ ես կառչած, աջը, ձախը վտանգավոր չեն, արմատները թողած մտածում ենք աջ, թե ձախ, բնականաբար քամին որտեղ շպրտեց, այդտեղ էլ կգնանք»,- ասաց դերասանը։

Ինչ վերաբերում է Մաքսային միություն մտնելու հետ կապված անվտանգության երաշխիքներ ստանալուն, ապա Վարդան Պետրոսյանն ասաց, որ ապահովությունը մարդը իր եւ Աստծու հետ պետք է կապել։ 

Նա իր մտահոգությունը հայտնեց, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ պետք է մաքսային կետ դրվի, եւ անկաշառ ռուս մաքսավորները պետք է որոշեն հայ մարդը ինչ տանի եւ ինչ բերի։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am