Medical Consilium բժիշկների խումբը հանգստյան օրերին այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Զանգակատուն գյուղ: Այցի նպատակն էր անվճար զննել եւ բժշկական օգնություն ցույց տալ գյուղի բնակիչներին:

Գյուղի միակ բուժկետն ունի ընդամենը 3 սենյակ, որտեղ աշխատում է ընտանեկան մեկ բժիշկ եւ սպասարկում է նաև հարևան չորս գյուղերին՝ Լանջառ, Վարդաշատ, Լուսաշող և Ուրցաշատ: Այս հինգ գյուղերն էլ զրկված են սրտաբանի, գինեկոլոգի, քիթ կոկորդ ականջաբանի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի, վնասվածքաբանի, մաշկաբանի, ՈՒՁՀ բժշկի ծառայություններից: Ցանկացած խնդրի դեպքում նրանք ստիպված են հասնել Արարատի հիվանդանոց:

Բժիշկները մեկ օրում 100-ից ավելի հիվանդի են ընդունել: Նրանց խոսքով՝ հիվանդների մեծ մասին անհանգստացնում էր խպիպը, շնչառական խնդիրները, ցավերը մեջքի, ոտքերի և սրտի շրջանում: 40-ից ավելի հիվանդ անցել է ուլտրաձայնային հետազոտություն. 11-ի մոտ հայտնաբերվել է խպիպ: Շատ են եղել նաև նյարդահոգեբանական խնդիր ունեցող գյուղացիները, մեծ մասը՝ դեռահասներ ու երիտասարդ կանայք:

Նախաձեռնությունը շարունակական է լինելու: Հաջորդ այցը նախատեսվում է հոկտեմբերի 6-ին Տավուշի մարզում: