Արդեն երկու ամիս Մկրտչյանների 4 հոգանոց ընտանիքը՝ ծնողները, նրանց 18-ամյա դուստրն ու 15-ամյա որդին, բնակվում են Մյասնիկյանի արձանի դիմացի նստարանին: Գյումրեցի ընտանիքը պահանջում է, որպեսզի Ֆրանսիայի դեսպանատունը իրենց հետ ուղարկի Ֆրանսիա:
Մկրտչյանների ասելով՝ իրենք երեք տարի բնակվել են Ֆրանսիայում, երեք տարի առաջ Ֆրանսիայի կառավարությունից 5,500 դոլար են վերցրել՝ կամավոր Հայաստան վերադառնալու համար, քանի որ այնտեղ փախստականի կարգավիճակը իրենց համար անտանելի է եղել:
«Էնտեղ իրանք ինվալիդներ ունեն, իրանց նայել ա պետք, սեքսուալնի պահանջներ ունեն, մարդկային մարմիններ ա պետք, հայերն էլ շատ լավ լրացնում են էդ պահանջը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտանիքի հայրը: Աշոտի խոսքով՝ Ֆրանսիայում հնարավոր էր գոյատեւել միայն գողություն անելով:
Երեք տարի անց Մկրտչյանները փոշմանել են, ուզում են վերադառնալ, բայց դեսպանատունը նրանց թույլ չի տալիս: Ավելին, նրանք ճանապարհի գումար չունեն, պահանջում են, որ Ֆրանսիայի դեսպանատունը վճարի իրենց ճանապարհածախսը:
Մկրտչյաններին երկու անգամ կացարան են առաջարկել հանրակացարանում եւ անօթեւանների կացարանում, բայց պայմանները Մկրչտյաններին դուր չեն եկել, գերադասել են փողոցի նստարանը:











