Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են զուգարաններ: Պլաստմասե չորս զուգարաններից օգտվում են մեծ մասամբ տղամարդիկ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հրապարակի մանրավաճառներից մեկն ասաց, որ զուգարանները տեղադրվել են դեռ սեպտեմբերի 19-ին, անկախության տոնի համերգի առիթով:
«Համերգի բեմի համար աշխատող բանվորների համար են այս զուգարանները տեղադրվել»,- ասաց տղամարդը, որը հրաժարվեց ներկայանալ` «վախենալով կորցնել աշխատանքը»:
Պարզաբանում ստանալու համար դիմեցինք Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանին, որն ասաց, որ իրենք զուգարանների հետ կապ չունեն, բայց ինքը որպես քաղաքացի կարող է պատասխանել այդ հարցին. «Հանրապետության հրապարակը մարդաշատ է, ու նման զուգարանների տեղադրումը ավելի քան բնական է. մարդիկ սրանց կարիքն ունեն»:
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից մեզ հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել SecAsh ՍՊԸ-ի հետ, որն էլ տեղադրել է բիոզուգարանները:
SecAsh ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց. հեռախոսահամարները չէին պատասխանում:
Հրապարակի մանրավաճառները մեր թղթակցին հայտնեցին, որ այդ զուգարանները մնալու են մինչև հոկտեմբերի 13-ը. այդ օրը Հանրապետության հրապարակում նախատեսված է համերգ :
Նշենք, որ զուգարանների գարշահոտը տարածվել է հրապարակով մեկ, զբոսաշրջիկները տարակուսանքով անցնում են կողքով, նրանցից մեկը կատակել է. «It is a toilet for the museum» (Մի՞թե սա ազգային պատկերասրահի զուգարանն է):











