Կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները դիմելու են Վերաքննիչ քրեական դատարան՝ նրա խափանման միջոցը փոխելու եւ մինչեւ նախաքննության ավարտը Վոլոդյային ազատ արձակելու հայցով: Երաշխավորագրի տակ արդեն 350 ազատամարտիկ է ստորագրել, որպես գրավ առաջարկելու են անշարժ գույք, որի արժեքը, նրանց խոսքով, մի քանի անգամ գերազանցում է օրենքով սահմանված գրավի չափը: Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան, պահեստազորի գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը նշեց, որ նույն մեղադրանքով կալանավորվածներին գրավի դիմաց ազատելու բազմաթիվ նախադեպեր են եղել:

Ազատամարտիկների խոսքով՝ ստորագրությունների թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե ստորագրեին բոլոր ցանկացողները, բայց իրենք որոշել են, որ ստորագրահավաքին պետք է մասնակցեն միայն ազատամարտիկները:

Սեպտեմբերի 27-ին Մարիոթ հյուրանոցի հարակից սրճարանի մոտ կազմակերպված բացօթյա մամուլի ասուլիսում ազատամարտիկները հայտարարեցին, որ բազմաթիվ մեդալների ու շքանշանների ասպետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունն անարդարացի է, եւ այդ քայլով իշխանությունները նպատակ ունեին պառակտել իրենց սոցիալական վիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկներին: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը այս շարժման նախաձեռնողներից է:

Վարուժան Ավետիսյանը Վոլոդյա Ավետիսյանին բնութագրեց որպես «սոցիալական հալածյալ». «Իր եւ իր ընկերների սոցիալական պայքարը մերկացնում էր հանցագործ համակարգին: Այդ մերկացումն արդեն մոտեցել էր կրիտիկական կետին, երբ բոլորին պարզ էր, որ որեւէ հարց չի լուծվելու»:

 «Խաչակիր» ՀԿ խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ սա մեսիջ է սոցիալական բոլոր խմբերին. «Եթե վաղը մյուս օր սայլակներով ինչ-որ մի սոցիալական խումբ բարձրանա ու ասի, որ 18-20 հազար դրամը իրենց չի բավարարում, պետք է զգուշանա, որ իրենց էլ կկալանավորեն»:

Ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանն էլ նկատեց, որ երբ Վոլոդյային կաշառելու փորձերն արդյունք չտվեցին, որոշեցին գնալ այս քայլին ու ձերբակալեցին նրան.  «Արդեն շարժումն իր կիզակետում էր, Վոլոդյան ինձ մի քանի անգամ ասեց, գիտես ինչ, մոտենում են, ինձ պաշտոն են առաջարկում, գումար են առաջարկում, կաշառք, որ հետ կանգնեմ էս շարժումից»:

Ազատամարտիկները վստահեցնում են, որ «ձախողելու են իշխանությունների այս ծրագիրը» եւ շարունակելու են պայքարը ազատամարտիկների ընտանիքների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: