«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 16:00-ից «Ծածկած շուկայի» շինարարությունը դադարեցնելու եւ հուշարձանն իր նախկին տեսքին վերադարձնելու պահանջով շարժվեցին դեպի «Ծածկած շուկա»: Այստեղ նրանցից ավելի շուտ հավաքվել էին շուկան կառուցապատող Սամվել Ալեքսանյանին մի քանի տասնյակ սատարողներ՝ մշտական կազմով եւ մի խումբ ոստիկաններ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Մինչեւ ակտիվիստների ժամանելը Սամվել Ալեքսանյանի մարդիկ հրահանգներ էին տալիս հավաքվածներին, որոնք հիմնականում «Մալաթիա» տոնավաճառի եւ Սամվել Ալեքսանյանին պատկանող այլ առեւտրի կենտրոնների աշխատողներն են, որոնք ակտիվիստներին տեսնելուն պես սկսեցին գոռալ «Հեռացեք»: Նրանք իրենց հետ բերել են մշտական պաստառները՝ «Ոչ գրանտակերներին», «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը», «Ոչ օտարերկրյա լրտեսներին», «Ոչ վարձու ընդդիմախոսներին» գրություններով: Ակտիվիստները հանգիստ կանգնել են դիմացի մայթին եւ երգում են: 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am