Ազատամարտիկին շատ բան պետք չէ, շռայլություն պետք չէ, ուղղակի կարողանան իրենց օրվա հացը վաստակել: NEWS.am-ին թղթակցին այս մասին ասաց ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը, խարդախության մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանության ակցիայի ժամանակ: Նա առաջարկեց փորձի համար հավաքված մի քանի տասնյակ ազատամարտիկների մոտ այդ պահին եղած գումարը հաշվել.«Երեւի այսքան բազմության մեջ երկու հազար դրամ չկարողանաք հավաքել»:
Սամվել Մկրտչյանը դիմեց իշխանություններին. «Բավական է նման ձեւով վերաբերվեք մեզ հետ, եթե մենք բեռ ենք դառել ձեզ համար, ապա առաջարկ ունենք, շատ ազատամարտիկներ էլ կմիանան դրան, հավաքեք տարեք մի տեղ, ասենք Նուբարաշենի էն ամայի ձորերում, բենզին լցրեք մեզ վրա, այրեք: Դուք բեռից կազատվեք, մենք էլ խոսելու ունակությունից: Վոլոդյային էլ կբերենք էնտեղ, մեզ հետ միասին: Չի կարելի ազատամարտիկին այդքան նվաստացնել: Էն ժամանակ մեզ ասում էին՝ տղերք, դուք ազգի սերուցքն եք, դուք ամենալավ տղերքն եք, ազգը ձեզանով պիտի հպարտանա: Դա ասում էին բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ պաշտոնյաներ, ո՞ւր մնացին այդ տղաները: Մենք մեղավոր չենք, որ ողջ ենք մնացել: Ես մի ընկեր ունեմ, որ երկրորդ խմբի հաշմանդամ է, ասում է՝ հայհոյում եմ էն թուրքին, որ չկարողացավ ինձ էնպես խփել, որ ես զոհվեի»:











