«Ծածկած շուկայի» առջեւ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության  բողոքի ակցիայի ժամանակ, մինչ ակտիվիստները շուկայի դիմացի մայթին կանգնած երգում էին, շուկայի մայթից մի կին անցավ փողոցը, մտավ ակտիվիստների մեջ ու սկսեց գոռգոռալ. պահանջում էր, որ նրանք հեռանան ու հանգիստ թողնեն «Սամվել Ալեքսանյանի նման բարի մարդուն»: Սվետլանա Դավթյանը վիրավորում էր ակտիվիստներին, անվանում էր «Եհովայի վկաներ», ովքեր «պայթում են, որ Ալեքսանյանը սենց լավ բաներ ա անում»: «Ռադ էղեք, էլ ստեղ չգաք ոչ մեկդ: Ոչխարի նման են, ուղեղները հանած ա, լավն էլ չեն հասկանում»,- ինքն իր հետ խոսում էր Սվետլանան:

Ակտիվիստները չվիճաբանեցին նրա հետ, կանչեցին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ խնդրեցին հեռացնել «սադրիչ կնոջը»: Ոստիկանները հեռացրեցին նրան:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության սեպտեմբերի 27-ի երթը՝ ընդդեմ «Ծածկած շուկայի» շինարության, սկսվեց Մաշտոցի պուրակից, որտեղից նրանք քայլեցին Հանրապետության հրապարակ՝ աջակցություն հայտնելու կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաք անցկացնող ազատամարտիկներին: Հրապարակից ակտիվիստները շարժվեցին դեպի քաղաքապետարան, ողջունեցին քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականի պահանջով արդեն մոտ երկու ամիս նստացույց անող երիտասարդ ակտիվիստներին, հետո միայն գնացին «Ծածկած շուկա»: Այստեղ նրանց գոռգոռոցներով դիմավորեցին Սամվել Ալեքսանյանին սատարող մի քանի տասնյակ մարդիկ:

 Ակտիվիստները կանգնեցին դիմացի մայթին, երգեցին, բարձրախոսով իրենց պահանջները ներկայացրին: Սամվել Ալեքսանյանի մարդկանց, ովքեր կռվի ախորժակ ունեին, սա դուր չեկավ:

 «Իրանց թազա հարսի պես են պահում, ուշ են գալիս, սուսուփուս կանգնում»,- բողոքում էին Ալեքսանյանի պաշտպաններն ու հայհոյում: