Տրանսպորտի սակագնի բարձրացումը կապված է ընտրությունների ավարտի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Armenia today» կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանը։
Նա շեշտեց, որ երթուղայինները սպասարկում են ոչ պատահական մարդկանց կողմից, նրանք հիմնականում ռեժիմի ներկայացուցիչներ են, նրանց ընտանիքի անդամներ, եւ դրանցով ծառայություններ են մատուցել ընտրություններին, տանելով այստեղ, այնտեղ, եւ թանկացնելով փորձում են այդպես փոխհատուցել նրանց, մյուս կողմից էլ հարստացնել իրենց ընտանիքի անդամներ։ «Ընտրություններին ծախսվեցին բազմաթիվ գումարներ, երթուղայինները ծառայում էին մարդկանց տանել-բերելուն, հիմա եկել է ժամանակը, որպեսզի փոխհատուցում տեղի ունենա»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Նա նշեց, որ տրանսպորտի սակագինը բարձրացնելու քաղաքապետարանի առաջին փորձը տապալվեց խայտառակ ձեւով, քանի որ հասարակության լայն շերտերը ոտքի կանգնեցին եւ դիմագրավեցին։ «Հենց տեսան, որ այդ գործընթացը կարող է ունենալ այլ զարգացումներ, տեղի կունենա այն, ինչ կոչվում է հեղափոխություն, կասեցվեց, որոշեցին սառեցնել, բայց պարզ է, որ ՀՀ իշխանությունները չէին հրաժարվի իրենց նպատակից։
Ցավոք, հասարակությունը չկարողացավ տրամաբանական ավարտին հասցնել սկսածը, վերջնական լուծում չտրվեց։ Հասարակության բողոքի ալիքը ընդունակ էր շատ ավելի լայն պահանջներ դնել: Չկարողացավ այդ փուլը իրականացնել, դրանից ելնելով էլ՝ քաղաքապետարանը նախաձեռնել է թանկացման երկրորդ փորձը։ Եթե այսօր ողջ հայ հասարակությունը կարողանա ամառվա նման դուրս գալ փողոց, պարալիզացնել քաղաքը, ստեղծվի հանրային հանձնաժողով, Երեւանի քաղաքապետարանը չի կարողանա ավարտին հասցնել իր ծրագիրը»,- նշեց խմբագիրը։
Արգիշտի Կիվիրյանը շեշտեց, որ «ռեժիմը «կապիտալնի» պատրաստվել է երկրորդ փուլին», իրենց տեղեկություններով՝ կանչել են շոու բիզնեսի ներկայացուցիչներին, աշխատանքներ են տարել, որ նրանք չմասնակցեն տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարի երկրորդ ալիքին: «Ռեժիմը ամեն ձեւով պատրաստվել է, որ երկրորդ պայթյունը տեղի չունենա, եթե հասարակությունը չընդզվի, ինչքան ցանկանան, կթանկացնեն»,-ասաց նա:
Կիվիրյանը վստահ է, որ հնարավոր է ստիպել հետ կանգնել այս մտադրությունից եւ պահանջել տրանսպորտի գործող սակագնով կարգի բերել տրանսպորտային ոլորտը։ Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ երկու ճակատով պայքար է պետք, մեկը՝ փողոցում, մյուսը՝ այլընտրանքային հանձնաժողովի ստեղծում։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











