ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի  երեխաների կնունքի պատճառով, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող  Սուրբ Երրորդություն եկեղեցին հասարակ մահկանացուների համար փակ է: NEWS.am-ի թղթակիցը եկեղեցուց հաղորդում է, որ եկեղեցու բակը մարդաշատ է,  ոմանք այցելել էին եկեղեցի աղոթելու, իսկ ոմանք իրականացվելիք շքեղ կնունքը գոնե դռների արանքից դիտելու համար:

Կան նաեւ քաղաքացիներ, ովքեր անտեղյակ էին Մալաթիա Սեբաստիա համայնքում այսօր սպասվող «գլխավոր» իրադարձության մասին եւ միամտաբար եկել էին աղոթելու, սակայն եկեղեցի մտնելուն պես սպասավորը նրանց  տեղեկացնում է, որ ներսում նախապատրաստական աշխատանքներ են, սրահը փակ է եւ չեն կարող ներս մտնել, կարող են մոմ վառել կողքի փոքր սրահում եւ հեռանալ:

Մեր հարցին, թե ինչո՞վ է  պայմանավորված, որ քաղաքացիների մուտքն արգելվում է, սպասավորը նշել է, որ աշխատանքներ են տարվում եւ , եթե քաղաքացիները մտնեն, կարող են փչացնել:

Աստծո տունը  հասարակ մահկանացուների համար բաց կլինի ժամը 17.00-ից հետո, երբ Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքն ավարտված կլինի: Տարածքում կան նաեւ ոստիկաններ, իսկ համատիրությունների աշխատակիցները բուռն բարեկարգման աշխատանքներ են տանում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am