Հոկտեմբերի 1-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Կառավարության շենքի մոտ անցկացնում է 12- ժամյա խաղաղ հավաք, որով նշում են իրենց հռչակած «Ընտանեկան բռնության դեմ ազգային օրը» և կառավարությունից պահանջում են ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:

Հավաքը սկսվել է առավոտյան ժամը 9:00-ին և կավարտվի 21:00-ին մոմավառությամբ:

2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացավ Զարուհի Պետրոսյանը: Զարուհու ամուսինը` Յանիս Սարկիսովը, 10 տարվա ազատազրկման դատապարտվեց, նրա մայրը հարսին բազմիցս ծեծելու համար դատարանի առջև այդպես էլ չկանգնեց, իսկ նրա 5-ամյա աղջիկն այժմ մանկատանն է:

Ամեն տարի հոկտեմբերի 1-նի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը ստեղծվել է հենց այս ողբերգական դեպքից հետո,  մտադիր է նշել ընտանեկան բռնության դեմ ազգային օրը: Այսօրվա ակցիայով նրանք կառավարությունից պահանջում էին ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:

Կառավարությունը 2013 թ. հունվարին մերժեց կանանց իրավունքների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների մշակած ,Ընտանեկան բռնության մասինե օրենքի ընդունումը` խոստանալով ՀՀ այլ օրենքներում որոշակի փոփոխություններ կատարել: Այսօր կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների անդամները կառավարությանն են փոխանցել նամակ, որում վարչապետից պահանջում են կատարել խոստումը եւ ընդունել օրենքը:

Ակցիայի մանսակիցները նաեւ տեղեկատվական թերթիկներ էին բաժանում անցորդներին, որոնցում, մասնավորապես, նշվում էր, որ ըստ «Ամնեսթի ինթերնեշնլի» 2008թ. տվյալների, Հայաստանում կանանց 25 տոկոսը ընտանեկան բռնության զոհ է դառնում, 2012թ. Հաայստանում 5 կին է մահացել ընտանեկան բռնության հետեւանքով եւ այլն:

Ակցիայի մասնակիցները մանուշակագույն ժապավեններ էին ամրացնում անցորդների հագուստին, ինչը խորհրդանշում է ընտանեկան բռնության պայքարի գույնը: