Սկեսուրի կողմից դաժան ծեծի ենթարկված Մարիամ Գեւորգյանը հայ կանանց կոչ է անում չվախենալ ու չամաչել իրենց նկատմամբ ընտանեկան բռնությունը բարձրաձայնելուց եւ ամուսնալուծվածի կարգավիճակից:
«Դրանով իրենք ավելի պաշտպանված կլինեն: Իսկ եթե լռում են, ավելի շատ խորասուզվում են ընտանեկան բռնության մեջ: Ու բանը հասնում է մահվան, ինչպես դա եղավ Զարուհու եւ Մարոյի դեպքում»,- NEWS.am-ին ասել է Մարիամ Գեւորգյանը, որն այսօր` հոկտեմբերի 1-ին, մասնակցում էր կառավարության առջեւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կազմակերպած ակցիային:
Մարիամի խոսքով` ինքը թեեւ իր իրավունքների համար պայքարել է, բայց արդարությունը միայն մասամբ է վերականգնվել, ինչը օրենքի բացակայության հետեւանք է: Այդ պատճառով էլ նա այսօր ակցիայի մասնակիցների հետ միասին կառավարությունից պահանջում է ընտանեկան բռնությունը պատժող ու կանխարգելող օրենք ընդունել: Օրենքն ընդունելու դեպքում, նրա համոզմամբ, բռնությունների թիվը կնվազի:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ խոշտանգումների էր ենթարկել հարսին: Մարիամը Դավիթի հետ ամուսնացել է 2009թ. նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ խոշտանգումների են ենթարկել: Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով: Նա մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է: Հայկանուշ Միքայելյանը մի քանի ամսից ազատության մեջ կլինի:











