Հոկտեմբերի 1-ին Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում անցկացվեց «Էրգրի համի հիշողություն» ավանդական ուտեստների փառատոնը, որին մասնակցում էին Թալինի շրջանի 10 համայնքներ:

Փառատոնը կազմակերպել էին «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» ՀԿ-ն, Արագածոտնի մարզպետարանը և Մշակույթի նախարարությունը:

Պատահական չէր, որ փառատոնն անցկացվում էր Նոր Արթիկ համայնքում: Նոր Արթիկը Արագածոտնի տնտեսապես առավել թույլ զարգացած համայնքներից է, եւ փառատոնը ուղղված էր համայնքի աշխուժացմանը:

«Մեր պապերը ուժ են ստացել բուսական սննդից ու կաթնամթերքից: Այս փառատոնի նպատակն է նոր սերնդին փոխանցել մեր նախնիների  ավանդական բաղադրատոմսերը»,- ասել է «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Գայանե Դանիելյանը:

Սեղանների պատրաստման գործով հիմնականում կրթական հաստատություններն են զբաղվել: Ավանդական բաղադրատոմսերը, տարազները, պարերը հավաքել ու ներկայացրել են մանկավարժները:

Տեսանյութը՝ Անի Բարսեղյանի