«Մենք» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սեւան Աղաջանյանը, որը վերջերս հայտարարել էր, որ ինքը  մասնակցել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հավաքին,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է նոր մանրամասներ ժողովից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Սեւան Աղաջանյանը ենթարկվել էր հարձակման: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն:

Վերջերս Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում էիք կատարել, նշելով որ ներկա եք եղել  «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հավաքին, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել  այդ ժողովին:

Ուղղակի ուզում էի այցելել «Կյանքի խոսքի» եկեղեցի իմ հետ կապված միջադեպից հետո, ծեծկռտուքի ժամանակ, ովքեր եղել էին, մի հատ ուզում էի տեսնել իրանք այնտեղ են, թե չէ: Դրա համար գնացի ժողովին ու ներկայացա որպես նորեկ, ով ցանկանում է դառնալ նրանցից մեկը: Բայց այդ մարդկանց այնտեղ չտեսա:

Կնկարագրեք՝ ինչպիսի՞ն էր «Կյանքի խոսքի» «եկեղեցին», եւ ովքե՞ր էին այնտեղ հավաքվել:

Իրենց «եկեղեցին» Թբիլիսյան խճուղու վրա էր՝ դեպի Աբովյան փողոց տանող ճանապարհին: Մեծ սրահ էր, նման հարսանյաց սրահի, որտեղ ինչ որ խմբերով նստած էին, ամեն «հարսանեկան սեղանի» կողքին դրված էր  կարմիր դույլ, որի մեջ գումարներ էին հավաքում: Մարդիկ կային, որ կրում էին բեջեր, մի քանիսի վրա գրված էր «ֆինանսական», մի քանիսի վրա ՝ «կարգուկանոն»:  Մարդիկ զոմբիացած էին, այնտեղ սթրեսային իրավիճակ էր, մարդկանց հոգեվիճակը խանգարված էր:

Որքա՞ն գումար էին գցում դույլի մեջ, եւ ինչի՞ համար էին հավաքում:

Մարդ կար՝ հինգ հազար դրամ էր գցում, մարդ կար՝ հարյուր դրամ: «Ֆինանսական աշխատողները», վատ էին նայում նրանց, ովքեր քիչ էին գումար գցում կամ չէին գցում: Մի կնոջ հետ խոսեցի, որը  իր վերջին հարյուր դրամը գցեց դույլի մեջ եւ ստիպված էր ոտքով տուն գնալ:  Բացի դա, աշխատավարձի տասը տոկոսը տալիս են իրանց եկեղեցուն՝ ասելով, որ դրանից հետո Աստված նրանց ավելի մոտ կլինի, եւ կօգնի իրենց:

Իսկ ինչպե՞ս Ձեզ ընդունեցին «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության անդամները:

Դե ես գլխարկով էի, ինձ չճանաչեցին, ընդունեցին, ինչպես նորեկի, ինձ կարգուկանոնն էին բացատրում: Մեկի հետ խոսեցի, ինձ ասաց, որ իրենք խաչը չեն ընդունում, որովհետեւ Քրիստոսը խաչվելա խաչի վրա: Ասում են՝ խաչը անեծքի նշան է:

Ո՞վ էր վարում ժողովը:

Երբ նոր էի նստել, լռություն էր, մի փոքր անց իրենց հովիվը բեմ բարձրացավ, մարդիկ ոտքի ելան, եւ սկսվեց, ինչպես իրենք են անվանում, Աստծո «Փառաբանությունը»: Երգում էին «Ես խաբված էի, ճշմարիտը ասացիր, ես մեռած էի, կյանք տվեցիր: Ալելուա, Հիսո´ւս, դու հիասքանչ ես, հրաշալի ես…»: Բառերը գրվում էին էկրանի վերեւում եւ նրանք կրկնում էին՝ կարաոկեի նման:

Քանի՞ մարդ կար սրահում:

Մոտավոր հիսուն հոգուց ավելի մարդ կար, հոսքը կար, որովհետեւ երաժշտություն կար, երաժշտության վրա էին ոնց որ հավաքվում: Ու ինչպես հասկացա, կիրակի օրերին են հավաքվում:

Իսկ ի՞նչ երաժշություն էր:

Տարօրինակ երաժշտություն էր, կլառնետիստ, ջութակահարուհի եւ այլ երաժիշտներ կային: Մի բան էլ կար. այնտեղ վաճառում էին Մաքսիմ Մաքսիմովի գրքերը, որը երիտասարդներին սովորեցնում է ինչպես արագ հարստանալ՝ արագ միլիոնատեր դառնալ:

Որքա՞ն տեւեց հավաքը:

Ես միայն 30 րոպե մնացի, եթե ավելի մնայի, հնարավոր է՝ դառնայի նրանցից մեկը, ահավոր ծանր միջավայր էր ու քեզ կլանում էր: 16 տարեկան երեխաները կարող են քսան հոգանոց խմբեր ունենալ, որտեղ կարող են ներգրավված լինել հիսուն տարեկան մարդիկ: Նրանք պետք է լսեն իրենց ղեկավարին:

Ասում են այդ հավաքներին նաեւ շուոբիզնեսում հայտնի մարդիկ են գնում, դուք որեւէ մեկին տեսա՞ք:

Այո, սակայն հիմա անուններ չեմ տա, շուտով հայտարարություն եմ անելու, որում նշելու եմ բոլոր հայտնիների անունները, ովքեր կյանքի խոսքի անդամ են:Նրանց մեջ կան մարդիկ, որոնք ներկայանում են որպես աղանդների դեմ պայքարողներ: