ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի շենքը վերածվել է մուրացկանների հավաքատեղիի: Քիչ առաջ, այստեղ սկսվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, իսկ շենքի մոտ հավաքված են մի խումբ քաղաքացիներ, որոնց մի մասը խոստովանում է, որ եկել են պետական այրերից գումար խնդրելու:
Մյուս մասն էլ բարձրաձայնում է, որ իրենք երկրի նախագահին կարոտել են, նրա «ցավը տանեն» եւ եկել են հեռվից տեսնելու:
Հավաքվածներից մի կին՝ Մարո Մելիքյանը, նշեց, որ ինքը քաղաքապետարանի աշխատակից է՝ հավաքարար եւ 7 հազար դրամի պատճառով իր տան գազն անջատել են, տանը հղի հարս ունի եւ եկել է տեսնի, թե կարո՞ղ է որեւէ մեկն օգնի այդ հարցում:











