Անհեթեթություն է կարծել, թե Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 3-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ երկրի նախագահն այնքան լայնախոհ է, որ հնարավորություն է տալիս թեկուզ չափի զգացողությունը չգիտակցող գործիչներին արտահայտվելու:«Բայց ես ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերն իր հնարավորությունն օգտագործեց այդքան վատ»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Արձագանքելով հրապարակումներին, թե «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հարց տալու համար ուղղորդել է ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, Շարմազանովը նշեց, որ դրանք սուտ տեղեկություններ են եւ դավադրությունների տեսությանը հավատալ պետք չէ:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարցրել էր, թե ճիշտ է արդյոք, որ նա խաղատներում 70 մլն եվրո է պարտվել:











