Տեսականորեն հնարավոր է,որ Տիգրան Առաքելյանը անազատության մեջ մնա մինչև  դեկտեմբերի 25-ը: Բայց ցանկության դեպքում նրան կարող են շատ արագ ազատել: Այս մասին այսօր Դատախազության շենքի դիմաց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատելու պահանջով բողոքի հերթական ակցիայի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Տեսականորեն հոկտեմբերի 7-ին դատավոր Դարբինյանը կարող է կայացնել վճիռ, որն ընկնում է համաներման հոդվածների տակ, եւ Տիգրան Առաքելյանին հենց դատարանի դահլիճից ազատ կարձակեն»,- ասաց  Արամ Մանուկյանը՝ միաժամանակ, ընդգծելով, որ ամենեւին անօրինական չի լինի, եթե դատավորը որոշի շարունակել դատը, լսել վկաներին, եւ այդ դեպքում հնարավոր է՝ դատական գործընթացը ձգվի մինչեւ դեկտեմբերի 25-ը, որը համաներման վերջնաժամկետն է:

Նա հիշեցրեց, որ համաներման օրենքի կիրառման դեպքում առաջինը կազատվեն նրանք, որոնց գործով առկա է դատարանի վճիռը, մյուսները պետք է սպասեն դատարանի որոշմանը:

Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ ճանաչող և նրա ազատությունը պահանջող ավելի քան 1000 ստորագրությունների համար՝ նշելով, որ ստորագրահավաքը շարունակվում է եւ իրենք ամեն ուրբաթ հավաքվելու են դատախազության շենքի առաջ, մինչեւ «իշխանությունը որոշում կկայացնի, թե երբ պետք է ազատվի Տիգրան Առաքելյանը»:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Վերաքննիչ դատարանը մի քանի անգամ մերժել է Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am