Կույրերի միավորման Էջմիածնի ուսումնաարտադրական ձեռնարկության 38 աշխատողներից 21-ը տեսողությունից առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ է: Ձեռնարկությունում էլեկտրական մասեր են արտադրվում վերելակների համար, որոնք հիմնականում արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն:
Ձեռնարկության տնօրեն Վաչագան Սողոյանը NEWS.am - ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ գործարանում ամենամեծ խնդիրը սարքավորումների հնամաշությունն է, ինչը սահմանափակում է արտադրության ծավալը: Ձեռնարկության միակ ձուլամեքենան 40 տարվա է, իսկ նորը թանկ է:
«Եթե հովանավորեին գոնե 2 ձուլամեքենա ձեռք բերել, կկրկնապատկեինք արտադրանքը»,- ասաց գործարանի տնօրենը: Տնօրենը դիմել է կառավարություն, որ այս տարի ևս փոխհատուցվի մուծած հարկերի որոշ մասը, բայց ոչ մի արձագանք չի ստացել:
Գործարանում աշխատող թույլ տեսողությամբ քաղաքացիները պետությունից միջինը 20 հազար կենսաթոշակ են ստանում, գործարանից` միջինը 20-30 հազար աշխատավարձ:
«Եթե նույնիսկ պատվեր է լինում, 30 հազար ստանալու համար պետք է և´ տանը աշխատենք, և´ այստեղ: Չէի ասի, որ ամեն անգամ ինձ հաջողվում է ապահովել նվազագույն կենցաղային ծախսերը: Ես 33 հազար դրամ կենսաթոշակ եմ ստանում, բայց կան մարդիկ, որ 15 հազար են ստանում: Ես շատ եմ ստանում, որովհետև աշխատանքային ստաժ ունեմ»,- պատմեց գործարանի աշխատող Արշալույս Պապերյանը:











