Եթե որևէ հայաստանցի Ռուսաստանից կոշիկի տակացու բերի առանց փաստաթղթի, նրան մաքսատանը կկալանավորեն, մինչդեռ գազը, պարզվում է, Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է առանց պայմանագրի:
Այս մասին այսօր Դատախազության շենքի դիմաց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատելու պահանջով բողոքի հերթական ակցիայի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ ինքը շոկի մեջ է վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդարանում հնչեցրած այն հայտարարությունից, որ Հայաստանը գազի գնի փոփոխման վերաբերյալ պայմանագիր չի կնքել:
Հաջորդ օրը Արամ Մանուկյանին զանգահարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և ասել, որ պայմանագիր կնքվել է, բայց 2 սուբյեկտների ՝ «Գազպրոմի» և «Հայռուսգազարտի» միջև:
«Մեկ երկրից այլ երկիր ապրանք ներմուծելու համար լինում է պայմանագիր, որի հիման վրա միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավունք ունի գին փոխել»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ հուլիսի 7-ից Հայաստանի բնակչության համար թանկացել է գազն ու էլեկտրաէներգիան. «Եթե կա պայմանագիր, ինչի՞ չեք հրապարակում, 6 ամիս է՝ ուզում եմ այդ պայմանագիրը: Եթե չկա, դա ի՞նչ է նշանակում, հայ ժողովրդին թալանո՞ւմ եք առանց պայմանագրի»:
Ըստ Արամ Մանուկյանի՝ ստացվում է, որ էներգակիրները 45%-ով թանկացել են առանց պայմանագրի. «Ի՞նչ է նշանակում, ապօրինի՞ է, Հայաստանի կառավարությո՞ւնն է որոշել թանկացնել առանց Ռուսաստանի, դա ուրիշ այլանդակություն է, համատե՞ղ եք արել, ինչո՞ւ չեք հրապարակում, այնտեղ կա՞ էնպիսի բան, որ մեր անվտանգության հետ է կապված, Հայաստանի սեփականության հետ է կապված»:
Արամ Մանուկյանի խոսքով՝ գազի պայմանագրի շուրջ գաղտնիությունը կասկածի տեղիք է տալիս, որ գուցե այդտեղ կան այնպիսի գաղտնի կետեր, որ հրապարակելը խայտառակություն է: ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ ինքը 20 օր ժամկետ է տվել կառավարությանը. «Կամ հրապարակեք, կամ փակ նիստ հրավիրեք և պատգամավորներին ցույց տվեք այդ փաստաթուղթը, եթե կան այնպիսի կետեր, որոնք պետական գաղտնիք են և պետք չէ հրապարակել»:











