Եթե անգամ Արամ Մուղալյանը և նրա ընկերները համաներումով ազատ արձակվեն, բայց դատարանը նրանց չարդարացնի, միեւնույն է, հարազատներն ու ընկերները պայքարելու են արդարության հասնելու համար: Նորապատ գյուղում խոտի դեզ ծխահարելու համար մեղադրվող Քեմբրիջի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Արամ Մուղալյանի և նրա ընկերների խափանման միջոցը փոխելու, նրանց արդարացնելու պահանջով, Արամի մայրն ու ընկերները այսօր՝ հոկտեմբերի 4-ին, նամակ էին տարել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված նամակը նրանք տիպված էին գցել նամակների արկղը, քանի որ դատախազությունից ոչ ոք դուրս չեկավ՝ նամակը վերցնելու: Դատախազությունից պիկետի մասնակիցները երթով շարժվեցին Վճռաբեկ դատարան եւ արկղը գցեցին նամակի կրկնօրինակը:
Արամ Մուղալյանի մայրը տեղեկացրեց, որ Արամն այսօր կդադարեցնի ջրադուլը և կտեղափոխվի առանձին խուց: «Ճիշտ է, ինքը ֆիզիկապես թույլ է, բայց ներքուստ մեծ ուժ եմ տեսնում իր մեջ: Արամը հոգեկան վատ վիճակում լինում է, երբ ոչինչ չի անում: Հիմա, որ ինքն ինչ-որ բան է անում` հացադուլ, ջրադուլ, դա կարծես իրեն ուժ է տալիս»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Վարդուհի Շափաղաթյանը:
Քեմբրիջի շրջանավարտ, Արամ Մուղալյանն ավելի քան չորս ամիս է` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է: Նա մեղադրվում է իր երեք ընկերների` Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի հետ Արմավիրի Նորապատ համայնքի բնակիչներից մեկի խոտը դեզը միտումնավոր ծխահարելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում տղաները կարող են դատապարտվել մինչև 5 տարի ազատազրկման:
Պիկետին մասնակցող Դանիել Իոանիսյանը Արամի ու ընկերների գործը բնութագրեց որպես «դասական իմաստով գլխին սարքած գործ»:
«Խնդիրն այն է, որ մարզային իրավապահները սովոր են, որ մարդուն կարելի է գրավի կամ ստորագրության դիմաց ազատ արձակել միայն այն դեպքում, երբ ինքն իր մեղքն ընդունում է: Իսկ երբ մարդ օգտվում է սահմանադրությամբ իր ունեցած ցուցմունք չտալու իրավունքից, իրենք դա մեկնաբանում են որպես նախաքննությանը խոչընդոտել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Իոանիսյանը չբացառեց նաև, որ Արմավիրի իրավապահները ակնկալել են , որ տղաների հարազատներն իրենց պետք է կաշառք տան և հասթափվել են, երբ չեն տվել:











